Իջևանի հանրակացարանի նեղլիկ և խոնավ մեկ սենյակում է մի կերպ պատսպարվում Շախպարյանների 6 հոգանոց ընտանիքը, որտեղ կա 4 անչափահաս երեխա: Երկար ժամանակ է, ինչ այս ընտանիքը տեղափոխվել է հանրակացարան, քանի որ ի սկզբանե բնակարան չունենալով՝ որոշ ժամանակ ապրել է վարձով, սակայն, երեխաներից ամենակրտսերի լույս աշխարհ գալու և նրա հիվանդության պատճառով կուտակել են բազմաթիվ պարտքեր: Արդյունքում, ի վիճակի չլինելով վճարելու տան վարձը, հայտնվել են հանրակացարանում` ժամանակավոր գրանցվելով այստեղ: Օգտվում են միայն նպաստից, որը, սակայն, շատ չնչին է ապրուստի բոլոր միջոցներից զրկված ընտանիքի համար: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Հույս հային» բարեգործական նախաձեռնության կազմակերպիչ Կարինե Վանեսյանը տեղեկացրեց, որ ընտանիքի ամենակրտսեր երեխան՝ 2-ամյա Նանեն, ծնվել է վաղաժամ՝ մանկական ուղեղային կաթվածով, չի կարողանում քայլել։ 

 

 

«Մեր այցելության ընթացքում զգացինք, որ անհնար է բնակվել գարշահոտ, խոնավ, սանիտարահիգիենիկ նվազագույն պայմաններից զուրկ հանրակացարանի անհարմարավետ ու շատ փոքրիկ սենյակում, որը 6 հոգանոց ընտանիքին ծառայում է որպես ննջարան, խոհանոց, անգամ լոգարան և պետքարան: Մեր տեսածն ու զգացածը անհնար է բառերով նկարագրել, թե այս ընտանիքը ինչպես է գոյատևում և պայքարում անմարդկային պայմաններում, այն էլ՝ անչափահասների հետ, որոնցից ամենակրտսերը՝ 2-ամյա Նանեն, ով ծնվել է վաղաժամ՝ մանկական ուղեղային կաթվածով, չի կարողանում քայլել, նրան պարբերաբար բուժման և ստուգման են տանում Երևան, սակայն հիմա նույնիսկ ճանապարհածախսի գումար չունեն»,- պատմում է Կ. Վանեսյանը։ 

 

 

Ընտանիքի 38-ամյա հայրը՝ Մհեր Շախպարյանը գործազուրկ է, սակայն պատրաստ է ցանկացած բանվորական աշխատանք կատարել, որպեսզի ընտանիքին փրկի աղքատության ճիրաններից, հոգա հիվանդ փոքրիկի բուժման ծախսերը և վճարի դեղատներում ու խանութներում ունեցած պարտքերը: Ընտանիքի մայրը՝ 33-ամյա Քնար Իշխանյանը ևս ունի առողջական խնդիրներ. «Ինչպես տեսնում ենք Շախպարյանների ընտանիքը ունի բազմաթիվ խնդիրներ՝ բնակարանի, առողջական, սննդի հագուստի, դպրոցական պարագաների, չունեն սառնարան, լվացքի մեքենա և կենցաղային այլ անհրաժեշտ պարագաներ: Ջուրը բերում են հեռվից, իսկ զուգարանը գտնվում է շենքից դուրս:

 

Շախպարյանները դիմում են բարի մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն իրենց, որոշակիորեն թեթևացնեն իրենց հոգսերը, որ երեխաները գոնե այսպիսի ծանր մանկություն չունենան, նրանց երբեք սոված չքնեցնեն և վտիտ ու դալուկ տեսքից լուռ չարտասվեն...»։ 

 

 

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել բարեգործական նախաձեռնության կազմակերպիչ Կարինե Վանեսյանի հետ՝  093 42 87 43 հեռախոսահամարով։



Հ.Գ. Իջևանի Սարիբեկ Օհանյան փողոցում գտնվող գորգագործական կոմբինատի նախկին հանրակացարանի՝ 40 տարի առաջ կառուցված շենքը տարիներ առաջ հանձնվել էր քաղաքապետարանին։ Շենքը գտնվում է կիսախարխուլ վիճակում, հակահիգենիկ ու սանիտարական պայմաններից զուրկ է։ Բնակիչները ոչ թե ապրում են, այլ մի կերպ գոյատևում։ ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանը որևէ քայլ չի ձեռնարկում հանրակացարանում բնակվող ընտանիքներին որևէ բանով օգնելու համար, չնայած որ բազմիցս խոստումներ տրվել են, բայց ինչպես երևում է, սայլը տեղից չի շարժվում։ Հանրակացարանի շենքը ոչ վերանորոգվում է, ոչ էլ բնակիչներին այլ բնակարաններ են հատկացվում։ Թե ինչի մասին են մտածում քաղաքապետն ու համայնքային ղեկավարությությունը՝ հայտնի չէ։ Մեկ բան փաստ է՝ այդ հանրակացարանում բնակվող ցանկացած առողջ մարդ հաշված ժամերի ընթացքում մի շարք հիվանդություններ ձեռք կբերի։ 

 

 

Քրիստինա Աղալարյան