Թուրքիայի արձագանքը Հայոց ցեղասպանության ճանաչման Բունդեսթագի որոշմանը ոչ ադեկվատ է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում Է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ենթադրում եմ, որ դա, ի վերջո, բխում է Թուրքիայի՝ մի շարք հարցերում գործընկեր լինելու իրական ցանկության բացակայությունից, պարբերաբար սկանդալներ կազմակերպելու, իր գործընկերներին վիրավորելու, այդ թվում՝ Եվրոպայում, նրա փորձերից: Համարում եմ, որ նրանց արձագանքը Բուդեսթագի որոշմանը բացարձակապես անպատշաճ է»,- ասել է Լավրովը Rossia 1 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ Մոսկվան դիտարկում է Գերմանիայի խորհրդարանի որոշումը միայն որպես պատգամավորների սեփական կամքի արտահայտություն:
«Կարծում եմ՝ դա պարզապես Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի կամքի արտահայտությունն է: Դիտարկում ենք դա որպես այդպիսին: Հավանաբար որոշ դեր են խաղացել ինչ-որ պատկերացումներ, որոնք այդ քվեարկության նախաձեռնողներին դրդել են առաջարկել դա անել հատկապես այժմ, սակայն ես չեմ կարող ենթադրություններ անել այդ թեմայով: Բնականաբար, մենք իմացել ենք, որ պատրաստվում է այդպիսի քվեարկություն, սակայն միայն վերջին պահին»,- ասել է Լավրովը: