«Հասել ենք արդեն այն օրին, երբ մաքսավորն ինքն է մաքսանենգությամբ զբաղվել, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք» վերտառությամբ մեր հրապարակմամբ օրերս անդրադարձել էինք ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նախաբացթողումային հսկողության վարչության Շիրակի բաժնի «Բավրա» մաքսակետի բաժանմունքի մաքսային տեսուչ Աշոտ Գևորգյանին և այլ անձանց առաջադրված մեղադրանքով մի ուշագրավ գործի:
Նաև այն միտքն էինք արտահայտել, որ տվյալ գործով ՊԵԿ-ի աշխատակիցներից բռնվել է ընդամենը մեկը, բայց այս դեպքը և, ընդհանրապես, մեր երկրում առկա իրավիճակը հուշում են, որ նա ընդամենը բռնվածն է, իսկ նրա գործընկերների շարքերում կան հանցավոր ճանապարհն ընտրած բազմաթիվ ուրիշներ, որոնք դեռ չեն բռնվել:
Հերթական դեպքը ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ երկրի ղեկավարությունից պահանջում է ուշադիր լինել կադրային քաղաքականության նկատմամբ, թույլ չտալ այն սխալները, որոնց հետևանքներով դանդաղորեն կամ արագորեն քանդվում է մեր տունը:
Ինչպես պարզվել է քրեական գործի նախաքննությամբ, Արամ Հովսեփյանը զբաղեցնելով ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղյակ լինելով, որ «Տապինո» ՍՊԸ տնօրեն Ռուզաննա Աբրահամյանը կազմել և Կենտրոնի հարկային տեսչություն է ներկայացրել ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր, որի հետևանքով նվազեցրել է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի, շահութահարկի գումարները և չարամտորեն խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկերը պետական բյուջե վճարելուց, աչք է փակել այդ իրողության վրա, կաշառք է ստացել ու չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները:
Նույն քրեական գործով այժմ ամբաստանվում է նաև Արամ Հովսեփյանից իր պաշտոնով ավելի բարձր ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ Գագիկ Մազմանյանը: Վերջինս, ըստ մեղադրական եզրակացության, հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղյակ լինելով, որ «Տապինո» ՍՊԸ տնօրեն Ռ. Աբրահամյանը կազմել և Կենտրոնի հարկային տեսչություն է ներկայացրել ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր, որի հետևանքով նվազեցրել է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի, շահութահարկի գումարները և չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերը պետական բյուջե վճարելուց, կատարել է նույն հանցավոր արարքները, ինչ Արամ Հովսեփյանը, ընդ որում, կաշառքը ստացել է ինչպես խոշոր, այնպես էլ առանձնապես խոշոր չափերով:
Սույն գործով քրեական պատասխանատվության են կանչվել նաև ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության 6-րդ բաժնի գլխավոր օպերլիազորներ Պատվական Հայրապետյանը և Բագրատ Ասատրյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի 08.11.2007թ. թիվ 1034650 հանձնարարագրի համաձայն, ընդգրկվել են «Տապինո» ՍՊ ընկերությունում բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգումն իրականացնող խմբի կազմում, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Վերը նշված արարքների համար Արամ Հովսեփյանին և Գագիկ Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 4-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 2-րդ մասի (Գագիկ Մազմանյանին նաև' 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի), իսկ Պատվական Հայրապետյանին և Բագրատ Ասատրյանին' 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Արամ Հովսեփյանի և Գագիկ Մազմանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: