ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալության» տարածքային բժշկասոցիալական փորձաքննական որոշ հանձնաժողովների աշխատանքներից մարդկանց դժգոհությունները, բողոքները, այդ հանձնաժողովների կամ նրանց որոշ աշխատակիցների կոռուպցիոն վարքի, գործելակերպի վերաբերյալ խոսակցություններն ու նույնիսկ հրապարակումները մեզանում նորություն չեն: Դատելով ամենից, այս ոլորտը' հիշյալ գործակալությունն իր տարածքային կառույցներով հանդերձ, ՀՀ նախագահի և վարչապետի վերահսկողական ծառայությունների, ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից հատուկ ուշադրության կարիք ունի: Հուսանք, որ հատկապես առաջին երկուսի արձագանքը չի ուշանա…

 

 

Ստորև ներկայացվող գործով զբաղվել են իրավապահ մարմինները: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մելսիդա Դանիելյանը հանդիսանալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալության»՝ Կոտայքի մարզի տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ, շահադիտական նպատակներից ելնելով, իր լիազորությունների շրջանակներում պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Ըստ մեղադրական եզրակացության, Մ. Դանիելյանը Հրազդան քաղաքի բնակչուհի, «չափավոր դեպրեսիվ էպիզոդ» հոգեկան խանգարմամբ տառապող էլմիրա Սիմոնյանին հաշմանդամ ճանաչելու և հաշմանդամության կարգ սահմանելու դիմաց, 2015թ. սեպտեմբերի 7-ին Հրազդան քաղաքի պոլիկլինիկայում պահանջել և 2015թ. սեպտեմբերի 24-ին Աբովյան քաղաքի «Ռ. Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ» ՓԲԸ թիվ 911 աշխատասենյակում անձամբ որպես կաշառք նրանից ստացել է 30 000 դրամ:

 

 

Բացի վերը նշվածից, Մ. Դանիելյանը, համաձայն քր. գործի նյութերի, շահադիտական նպատակներից ելնելով, իր լիազորությունների շրջանակում պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Բյուրեղավան քաղաքի բնակիչ Հովհաննես Հովսեփյանին հաշմանդամ ճանաչելու և հաշմանդամության կարգ սահմանելու դիմաց 2015թ. սեպտեմբերի 24-ին վերոնշյալ աշխատասենյակում անձամբ Հ. Հովսեփյանից որպես կաշառք ստացել է 30 000 դրամ: Ի դեպ, խոսակցություններ են պտտվում այս համակարգում անհամեմատ ավելի մեծ չափերի հասնող կաշառակերության մասին, մեղադրանքում նշված չափի գումարներ պահանջելը հավանաբար պատկանում է սակավաթիվ բացառությունների թվին:
Նույն քր. գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Էլմիրա Սիմոնյանին և Հովհաննես Հովսեփյանին այն բանի համար, որ նրանք հաշմանդամ ճանաչվելու և հաշմանդամության կարգ ստանալու համար Մելսիդա Դանիելյանին անձամբ, որպես կաշառք, տվել են 30 000-ական դրամ:
Վերը նշված արարքների համար Մելսիդա Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 1-ին մասի, իսկ Էլմիրա Սիմոնյանին և Հովհաննես Հովսեփյանին' 312-րդ հոդվածի («Կաշառք տալը») 1-ին մասի հատկանիշներով:
Հաշմանդամության կարգ ստանալու համար դիմած Էլմիրա Սիմոնյանն այսօր չէր կանգնի քրեական պատասխանատվության առաջ, եթե կաշառք տալուց առաջ նախապես դիմեր ոստիկանություն կամ ԱԱԾ, հայտներ, որ հիշյալ հանձնաժողովի նախագահը իրենից կաշառք է պահանջում հաշմանդամ ճանաչելու և հաշմանդամության կարգ տրամադրելու համար, իրավապահ մարմնից ստանար համապատասխան քիմռեակտիվով մշակված 30 000 դրամը և ապա նոր միայն տար, ըստ մեղադրական եզրակացության, հանձնաժողովի նախագահի պահանջած կաշառքը: Հուսանք, որ այսպիսի հրապարակումներով կբարձրանա մեր հասարակության իրավագիտակցությունը:

 

 

Ա. Հովհաննիսյան