Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քաղաքական որոշում էր կայացրել չմասնակցել ՀՀ նախագահի 2013 թ-ի ընտրություններին որեւէ ձեւաչափով: Անկախ քաղաքական այս գնահատականից, ԲՀԿ տարբեր գործիչներ արտահայտեցին իրենց դիրքորոշումը, որ սատարում են գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին: ԲՀԿ-ում սա համարեցին «նորմալ»՝ բացատրելով, որ իրենք «ընտրազանգվածին» թողնում են ազատ կողմնորոշվելու՝ ընտրել այս կամ այն ծրագրի օգտին:

Իսկ ո՞րն է ԲՀԿ-ի քաղաքական գնահատականը ՀՀ նախագահի ընտրություններին: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ԳԱԼԱ-ի այս հարցին պատասխանեց. «Մեկնաբանություններ չունեմ: ԲՀԿ-ն ձեռնպահ է մնում այդ հարցի շուրջ մեկնաբանություններ անելուց»,- ասաց Տ. Ուրիխանյանը:

Հարցին, թե ԲՀԿ քաղխորհուրդը կկայացնի՞ որոշում՝ հանդես գալ մեկնաբանությամբ, կգնահատի՞ անցած ընտրությունները, ԲՀԿ մամլո խոսնակն ասաց. «Ես պիտի էլի նույն կերպ պատասխանեմ՝ որեւէ մեկնաբանություն այս հարցի հետ կապված չունեմ:

Եթե ինձ հանձնարարվեց ինչ- որ տեղեկատվություն, ես հայտարարություն կանեմ»:

Փոխարենը ԲՀԿ գործիչները բոլորովին տարբեր գնահատականներ տվեցին անցած ընտրություններին: ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ ընտրությունները խիստ մրցունակ էին, եւ ամեն ինչ անցել է օրինականության սահմաններում:

Իսկ գյումրեցի ԲՀԿ-ական Ռոբերտ Զաքարյանը ընտրությունները բնորոշեց այսպես. «Շատ վատ, դուք ինձնից լավ գիտեք, շատ խարդախ ընտրություններ էին»:

Քրիստինա Մկրտչյան