Մայամիի համալսարանի հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ կանայք կարևոր դեր են խաղում «Իսլամական պետություն» կազմակերպության անդամների միջև կապեր ապահովելու տեսակետից, նաև նպաստում են սոցցանցերում քարոզչական նյութերի տարածմանը, հայտնում է Lenta–ն:
Ի տարբերություն տղամարդկանց, որոնք գրոհայիններ են և ակտիվորեն հավաքագրվում են, կանայք հաճախ դիտարկվում են որպես քարոզչության և թյուր տեղեկատվության զոհ: Հենց այդ պատճառով ահաբեկչության դեմ պայքարի ավանդական մոտեցումները ամենից հաճախ ուղղված են արմատական կազմակերպությունների արական սեռի անդամների ոչնչացմանը:
Հետազոտողները վերլուծել են «ՎԿոնտակտե» սոցցանցի օգտատերերի միջեւ հաղորդակցության կառուցվածքը: Նրանք մի քանի պատճառներով են ընտրել այդ կայքը: Նախ այդտեղ ահաբեկչական խմբերին սատարող էջերը նույնքան արագ ու արդյունավետ չեն արգելափակվում, որքան Facebook–ում: Երկրորդ՝ «Վկոնտակտե»-ն Եվրոպայում խոշորագույն սոցցանց է՝ 360 մլն օգտատերերով: Երրորդ՝ դրանից օգտվողներից շատերը ապրում են ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Նախ գիտնականներն ընտրել են ահաբեկչական կազմակերպության գործունեության հետ կապված հաճախ հանդիպող հիմնական բառերը, օրինակ՝ «խալիֆայություն», և դրանց միջոցով պարզել միավորումները, որոնցում օգտատերերն աջակցություն են հայտնել ԻԼԻՊ-ին: Այնուհետև գիտնականները վերլուծել են կապերն առանձին օգտատերերի միջև, որոնք այդ սոցիալական խմբերի անդամ են՝ հետևելով ամենօրյա փոփոխություններին: Եթե երկու մարդ նույն միավորման անդամ են, նրանք ներկայանում են գրաֆիկի երկու կապված հանգույցների տեսքով: Վերջնական սխեման բաղկացած է եղել ավելի քան 41 հազար մարդուց (մոտ 25 հազար տղամարդ և 17 հազար կին) և նրանց միջև 1 մլն կապից:
Վիճակագրական վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ կանայք՝ չնայած ԻԼԻՊ-ի շարքերում իրենց համեմատական փոքր թվաքանակին, կարեւոր դեր են կատարում քարոզչական նյութերի տարածման՝ այդ թվում թեստերի, աուդիո ու վիդեո նյութերի տարածման հարցում: Նրանք նաև պահպանում են համայնքների միջև կապերը ու նպաստում, որ ահաբեկիչներին աջակցող համայնքները համալրվեն նոր մասնակիցներով: