ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն' զինված ուժերի ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զինված ուժերի համապատասխան ծառայությունների և ուսումնական զորամասերի հրամկազմի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովներն ստուգում են ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքներն ու կրտսեր հրամանատարների ձեռք բերած հմտությունները:
Հրետանային ուսումնական զորամասերից մեկում անցկացվող ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվել և գնահատվել են կուրսանտների' կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով և մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական և գործնական գիտելիքները:
Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ու հրետանու ջոկերի հրամանատարների ու զորատեսակի մասնագետների որակավորում ստացած կուրսանտները շուտով կհամալրեն զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները և ուսումնական զորամասում ստացած գիտելիքներով և հմտություններով կնպաստեն զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը: