Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում հանդիսավոր սուրբ պատարագ է մատուցել, որի ընթացքում ուղերձ է հղել հայ ժողովրդին:

 

Հռոմի Պապն իր խոսքը սկսել է Եսայի մարգարեի հետևյալ խոսքերով. «Կվերականգնվեն հին ավերակները, կվերանորոգվեն անբնակ քաղաքները»:

 

«Այս վայրերում, սիրելի քույրեր և եղբայրներ, իրականացել են Եսայի մարգարեի խոսքերը, որ լսեցիք: Անաստվածության երկար տարիների հոգևոր կործանումից, երկրաշարժի սարսափելի նյութական ավերածություններից հետո, այսօր գտնվում ենք այստեղ՝ շնորհակալություն հայտնելու Աստծուն հավատը դավանելու ազատության և առատաձեռնության համար, որ բազում մարդկանց օգնեց վերականգնել իրենց կյանքը՝ հսկայական դժվարություններով հանդերձ»,- ասաց Սրբազան Քահանայապետը:

 

Հռոմի Պապը հավելեց, որ արդար սերը Աստծուց ստացած և ընկերոջ ընծայած սերն է: «Գթառատ եւ թանձրացող սերը քրիստոնյայի այցեքարտն է. ներկայանալու այլ կերպարանքները կարող են շեղիչ և նույնիսկ անօգուտ լինել: Կոչված ենք միշտ կառուցելու և վերակառուցելու հաղորդությունը՝ առանց հոգնելու, կոչված ենք կամուրջներ սարքել, ոչ թե պարիսպներ կամ բաժանարար պատնեշներ: Թող հայ ժողովուրդը միշտ ավելի միացած լինի հավատի և սիրո մեջ, և հավատացյալները լավագույն օրինակը կարողանան տալ, համագործակցելով իրար հետ, փոխադարձ հարգանքով և երկխոսությամբ»,- ընդգծեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:

 

Նա հավելեց, որ Աստված բնակվում է սիրողի մեջ, Աստված բնակվում է, որտեղ սիրում են իրար, հատկապես որտեղ տկարներին եւ աղքատներին են խնամում:

 

«Նա միշտ օրհնում և պաշտպանում է նրան, ով «բարի լուրն է տանում թշվառներին, կոտրված սրտերի վերքերն է պատում և մխիթարում է վշտացածներին: Շատ կարիքն ունենք սրա. կարիքն ունենք քրիստոնյաների, որ հոգնությունից չխորտակվեն և չհուսալքվեն փոխադարձ անհասկացողություններից, այլ բացվեն Աստծո սիրո ծրագրերին: Բարի կամքով մարդկանց կարիքը կա, որ գործնականում և ոչ թե խոսքերով օգնեն դժվարության մեջ գտնվող եղբայրներին և քույրերին: Կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել և արդարորեն հատուցվող աշխատանք: Եկել եմ որպես ուխտավոր այս օրհնյալ երկիրը՝ հանդիպելով ձեզ հետ, որ ժամանել եք տարբեր շրջաններից և մոտակա Վրաստանից: Տեսնում եմ, որ Աստված ձեզ մենակ չի թողել: Նա այցելել է ձեր ժողովրդին: Աստված հիշեց ձեր հավատարմությունը Ավետարանին, ձեր հավատի անդրանիկության՝ հիմնված Առաքյալների քարոզչության վրա, որոնց հիշատակն եք տոնում այսօր: Քրիստոնեական հավատը դարձավ հայ ժողովրդի շունչը և նրա պատմության սիրտը: Այն ձեր ապագայի հույսն է նաև»,- ասաց Սրբազան Քահանայապետը:

 

Սուրբ պատարագի ընթացքում հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում Հռոմի Պապը խոսեց նաև Գրիգոր Նարեկացու մասին: «Նա կարապետն ու մարգարեն էր աստվածային ողորմության: Դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարվի նրան՝ մարդկային սրտում թևավորված անդնդային թշվառությունները քննելու առումով: Սակայն նա վերածում է դրանց աստվածային սիրո անդադրուն, արտասվալի եւ վստահ պաղատանքի՝ հաստատելով, որ Աստված «պարգևների բաշխողն է, բնությամբ բարի Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ հատկապես կյանքի, որովհետև սովորեցնում է, թե ինչքան կարևոր է ճանաչել ինքներս մեզ: Այս սուրբ վկան մարգարեաբար ներկայացնում է ձեր ժողովրդին: Նա, սակայն, ընդհանրական եկեղեցու վարդապետ է արդեն: Ձեր սիրելի ժողովուրդը ևս՝ տառապելու քաջատեղյակ և հարության զորությամբ, կարողանալու է հավատի վկա և վարդապետ լինել մեզ բոլորիս»,- եզրափակեց Հռոմի Պապը՝ ելույթի ընթացքում մի քանի անգամ մեջբերումներ անելով Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից: