Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը հոդված է հրապարակել Եվրամիության ապագայի վերաբերյալ: Հոդվածը կրում է հետևյալ խորագիրը. «Եվրամիության փլուզման սկի՞զբը. ազգայինի հաղթանակը, գլոբալիզիմի պարտությունը»: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ:

 

«Աւելի քան չորս տասնամեայ անդամութիւնից յետոյ, Եւրոպայի երբեմնի ախոյեան Անգլիան միակողմանի «քաղաքական ապահարզանի» յայտ ներկայացրեց նոյն եւրոընտանիքին: Ընտանեկան տւեալ «կաշկանդւածութիւնից» ձերբազատւելու համարձակութիւնը վերագրելի է նոյնինքն անգլիական ժողովրդին, որն «Աշտոն-Քեմերոնային» եւրոպետական իշխանապետական համակարգի տեւական դիպլոմատիային դէմ-յանդիման' հանրաքւէով արտայայտեց իր կամքը:

 

Գերտէրութիւնների' ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան եւ ինքը' Եւրոմիութեան գլխաւոր խաղացողների համարժէք թեր, դէմ, թէ° ձեռնպահ արձագանգները վկայեցին առ այն, որ «քաղաքական երկրաշարժ Եւրոպայում» բնութագիրը արդէն իսկ իրողական ապացոյց է:

 

Պատճառ-հետեւանքային հետագայ կարճատեւ ու երկարաժամկէտ քաղաքա-տնտեսական իրադարձութիւնների մասին կանխագուշակումներից զերծ մնալով հանդերձ, սակայն, արձանագրելի են հետեւալները.-

 

1- Անգլիացին դրսեւորեց անկախական ձգտումների իր կամքը' թէկուզեւ հարազատ, բայց Եւրոընտանեկան բիւրոկրատիկ կապանքներից ու կախւածութիւնից:

 

2- Անգլիան իր հանրաքւէով նաեւ ու մանաւանդ ցուցաբերեց ազգային արժեհամակարգին վերակառչելու գիտակցւած դիրքորոշում, հիասթափւելով այսպէս ասած տնտեսա-քաղաքական գլոբալ-լիբեռալ արհեստածին, անդէմ ու ապազգային արժեհամակարգի «օրինաչափութիւններից»...

 

3-Անգլիայի հանրաքւէն հէնց առաջինը որպէս դրական արձագանգեցին նոյնինքն Եւրոմիութեան առաջնակարգ ու դեռեւս անդամ երկրների (Ֆրանսիա, Իտալիա, Հոլանդիա, Յունաստան, Իսպանիա...) ազգային կուսակցութիւններն ու առաւել անկախ համակարգերի ձգտող ուժերը:

 

Ահավասիկ.-

«Եւրոպայի քաղաքական երկրաշարժը» անխուսափելիօրէն ճաքեր է տալու թէ իւրային, եւ թէ անդրեւրոպական ինչպէս քաղաքական, այնպէս էլ տնտեսական միջազգային փոխյարաբերութիւնների լայնարձակ աշխարհագրութիւններում..., որից էլ բխելու է ի վերջոյ, եթէ ոչ «Եւրոմիութեան փլուզումը», բայց հաստատապէս տրոհման ու փլուզման սկիզբը»: