ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես արդեն հայտնի է, հունիսի 23-ի իրենց պաշտոնական հայտարարությամբ Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել չխոչընդոտել Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաքելության ընդլայնմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ նշված է.
«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին վերացնել առաքելության ընդլայնման (հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման) ճանապարհին մնացած խոչընդոտները»:
Համանախագահներն իրենց այդ հայտարարությամբ կոչ են արել նաև նպաստել բանակցություններում առաջընթացին և հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ ԵԱՀԿ-ի առաջարկներին: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաքելության ընդլայնումը և հետաքննության մեխանիզմների ներդրումը հենց այն են, ինչ ուզում և առաջարկում է Հայաստանը, հետևաբար անհասկանալի է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի մասով ի՞նչ խոչընդոտներ նկատի ունեն: Առհասարակ կա՞ն այդպիսի խոչընդոտներ, թե նրանց հայտարարությունը ՀՀ-ին վերաբերվող մասով բխում է կողմերի նկատմամբ ընդհանուր մոտեցում ցուցաբերելու, հավասարակշռված դիրք պահպանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ու նրա համանախագահների ինչ-որ առումով գուցե հասկանալի, բայց հաստատապես անարդարացի և անընդունելի գործելակերպից:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին խնդրեցինք արտգործնախարարության պատասխանը մեր հարցերին, թե Հայաստանը երբևիցե խոչընդոտե՞լ է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, ի՞նչ խոչընդոտներ կան առաքելության ընդլայնման (հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման) ճանապարհին մնացած, որոնց վերացումը կախված է նաև Հայաստանից և տեղիք է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների' վերը մեջբերված հայտարարությանը, եթե Հայաստանի կողմից չկան հայտարարությունում նշված խոչընդոտները, ապա ինչպե՞ս բացատրել տվյալ հայտարարությունը: Ի պատասխան մեր հարցերի, ստացանք հետևյալ պատասխանը.
«Հայաստանը մշտապես կողմ է արտահայտվել Ձեր հարցադրման մեջ նշված առաջարկությունների իրականացման առումով։ Հայաստանի համաձայնության մասին համանախագահները նաև հրապարակային են արձանագրել։ Իսկ հայտարարության մեջ ներառված ձևակերպման վերաբերյալ պարզաբանումներ տալու համար հասցեատերը, կարծում եմ, հենց համանախագահները պետք է լինեն»։