Քիչ առաջ՝ մինչ կառավարության նիստը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց Վերին Լարսում առաջացած ճգնաժամային վիճակը:

 

Նրա խոսքով՝ հուլիսի 23-ին Մծխեթա-Ստեփանձմինդա ճանապարհի որոշ հատվածներում հորդառատ անձրևների պատճառով հունից դուրս է եկել Թերեք գետը՝ հեղեղելով այդ հատվածը: Ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումները դարձել են անհնարին: Խնդիրը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, համապատասխան նախարարությունները օպերատիվ կերպով աշխատում են: Կառավարության խնդրանքով ՌԴ կառավարությունը հատկացրել է ինքնաթիռ՝ այնտեղ գտնվող քաղաքացիներին տեղափոխելու համար, իրականացվել է արդեն իսկ 96 ուղևորի փոխադրում, և այսօր ևս 120 ուղևոր կփոխադրվի: Լաստանավի միջոցով 72 բեռնատար մեքենա հասել է Նովոռոսիյսկ, այժմ բեռնաթափվում են, որոշ բեռնատար մեքենաներ կհասնեն Բաթումի:

 

Սպայկա ընկերության կողմից վարձակալվել է երկրորդ լաստանավը, և ևս 50 բեռնատարներ կհասնեն Փոթի: Դեռևս կան բեռնատար մեքենաների կուտակումներ Հայաստանի սահմանին ու Ռուսաստանի սահմանին: Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ շուրջ 10 հազար տոննա ծիրանը արտահանվել է, ևս 5 հազար տոննա՝ դեռ կարտահանվի:

 

«Բոլոր բեռնափոխադրողներին հորդորում ենք խնդիրներից խուսափելու նպատակով Հայաստանից դուրս գալուց առաջ անպայման լաստանավի վրա տեղ ամրագրել, որպեսզի կուտակումներ չստեղծվեն: Դեռևս պարզ չէ ճանապարհի վերականգնման աշխատանքները երբ կավարտվեն, նախնական գնահատականներով՝ աշխատանքները կարող են տևել 2-3 շաբաթ: Այդ ընթացքում հորդորում ենք քաղաքացիներին իրենց գործողությունները պլանավորելիս հետևել դեպքերի զարգացման ընթացքին»,- ասաց նա:

 

Վարչապետ Աբրահամյանը նշեց, որ Կապի և տրանսպորտի, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունները ներկայումս շատ ինտենսիվ աշխատում են և ամենօրյա շփումների մեջ են իրենց վրացի և ռուս գործընկերների հետ՝ Լարսում առաջացած խնդիրները լուծելու նպատակով: