Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պնդում է, որ դիրքում գտնվող զինվորը վտանգ զգալիս երբեք չի սպասի վերադասի հրամանին:
Այսօր' հուլիսի 3-ին, Գյումրիում անդրադառնալով հայտնի տեսանյութին, որտեղ զինծառայողները հրամանատարներին խնդրում են կրակ վարելու թույլտվություն, Սեյրան Օհանյանն ասաց.
«Արցախյան ազատամարտն առանձնահատուկ է եղել այն առումով, որ բոլոր օղակի հրամանատարները գործել են ինքնուրույն, կարողացել են տեղում որոշումներ կայացնել ու փոքր ուժերով խնդիրներ կատարել: Այս սկզբունքը այսօր միջազգային գետնի վրա անվանվում է «հրամանադրում առաջադրանքով», որը մենք հետպատերազմյան տարիներին զարգացրել ենք և հասցրել ծրագրային գործունեության: Այսօր յուրաքանչյուր օղակ իր ընձեռնված մարտական խնդիրների կատարման ժամանակ ինքնուրույն է գործում:
Այս տեսանյութի դիրքում տեխնիկական միջոցների առկայության պայմաններում է, որ հենց տվյալ մարտական գործողության ժամանակ տվյալ դիրքի անձնակազմը հասել է հաջողության: Այդպիսի բան լինել չի կարող երբևիցե: Կա ընդհանուր առմամբ նաև բնազդային իրավիճակ, ոչ ոք, երբ վտանգ է սպասում, չի սպասի վերադասի հրամանին' կրակել, թե չկրակել իր կյանքը փրկելու համար: Արվել են հենց այնպես խոսակցություններ, այնպես որ այդ հարցերին մի հավատացեք»: