ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեին: Կողմերը քննարկել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև փոխգործակցության խթանման և համատեղ արդյունավետ գործունեության զարգացման հեռանկարները:

 

Արման Թաթոյանը կարևորել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ համագործակցության բարձր մակարդակը: Մասնավորապես, նշվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը: Կարևորվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցների համար միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ուսուցողական համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

 

Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը՝ համատեղ միջոցառումներ կազմակերպելու, դրանց կողմերի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերում համագործակցված ուսումնասիրություններ կատարելու ու իրավունքների խախտումների վերացմանն ուղղված առաջարկներ ներկայացնելու միջոցով: