Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները ոչ միայն ցույց են տալիս, որ նա լավ է կազմակերպել ընտրարաշավը, այլև այն, որ հասարակության դժգոհության իշխանությունների հանդեպ ավելի մեծ է, քան սպասվում էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը:
«Իշխանությունը դրա հետ պետք է հաշվի նստի. կարող է կառավարություն հրավիրել ընդդիմադիր որոշ գործիչների, օգտագործել ընդդիմության կարծքիը և այլն: Նախորդ տարիներն էլ ցույց տվեցին, որ «մեր դեմ խաղ չկա» բանաձևը մաշվել է: Երբ Մաշտոցի պուրակի կամ Թռչկանի համար հասարակությունը ձայն էր բարձրացնում չէր ասում, թե մեր դեմ խաղ չկա, այլ որոշ դեպքերում գնում էր զիջումների»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներ Պարույր Հայրիկյանի և Հրանտ Բագրատյանի հավաքած ձայներին, Վազգեն Մանուկյանն ասաց, որ սպասելիքներն ավելի մեծ էին: «Սպասում էի, որ 3-4 տոկոս ձայն կհավաքեն, բայց երբ մարդիկ տեսնում են, որ ընդդիմադիր թեկնածուներից մեկը ձայներ հավաքելու ավելի մեծ շանսեր ունի, ընդդիմության ձայները կուտակվում են այդտեղ: Նախագահական ընտրությունները ԱԺ ընտրություններ չեն, որ ձայները հավասարաչափ բախշվեն: Մարդիկ քվեարկության ժամանակ ուզում են քվեարկել իշխանության փոփոխության համար ու աշխատում են չփոշիացնել իրենց ձայները: Ձայն են տալիս նրան, ով ավելի մեծ շանսեր ունի՝ անկախ նրանից սիրո՞ւմ են, թե՞ ոչ»,- ասաց նա: