Ստամբուլում սկանդալային դեպքի է տեղի ունեցել, որը մի կողմից զավեշտական է, մյուս կողմից խայտառակություն' առանց ընտրությունների, Թուրքիայի նախագահ Էրդողանի միջոցով Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդ դարձած Արամ Աթեշյանի (Արթին Աթեշի) համար:

 

Վերջինս թուրքական ոստիկանական և անվտանգության ուժեր, ջրնետ մեքենաներ, բազմաթիվ զրահամեքենաներ է հրավիրել, որպեսզի կանխի, ճնշի, ցրի պատրիարքարանի դիմաց իր դեմ հայ ցուցարարների այն բողոքը, որին, իրեն հասած ապատեղեկատվության համաձայն, սպասելիս է եղել հունիսի 21-ին, սակայն խայտառակ կերպով ձախողվել է…

 

Ինչպես արդեն հայտնի է, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որը եթե չասենք անօրինականորեն, առանց իրավական պատշաճ հիմքի, ապա հաստատապես անարժանիորեն զբաղեցնում է Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնը, Գերմանիայի Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո մի Facebook-ով մի խայտառակ ու ստորացուցիչ նամակ է ուղղել Թուրքիայի նախագահ Էրդողանին, որով, ըստ էության, անարգել է ցեղասպանության մեր ավելի քան մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը: Այդ նամակում մասնավորապես նշված է.

 

«Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել։ Սրտից բխող և անկեղծ զգացմունքներով Ձերդ գերազանցությանը տեղեկացնում ենք, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է այս վիշտը»։ Աթեշյանն իր նամակում նշել է նաև. «Ձերդ գերազանցություն, հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից»:

 

Աթեշյանի այս նամակի կապակցությամբ բողոքի մեծ ալիք է բարձրացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ստամբուլում: Բոլորն էլ հասկանում են, որ նա բարձրաստիճան հոգևորական լինելով հանդերձ, անամոթաբար և անխղճաբար ստել է, քանի որ իրականում Թուրքիայի հայկական համայնքը չի կիսում թուրք ժողովրդի շրջանում (իրականում' Թուրքիայի իշխանության շրջանում) Բունդեստագի տվյալ բանաձի ընդունման կապակցությամբ առաջացած վիշտը կամ, ավելի ճիշտ, դժգոհությունը:

 

Շատ մարդիկ, որոնք անտարբեր չեն ու չեն հանդուրժում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը պղծած նման ապազգային և անարժան մեկի պաշտոնավարությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում, արդարացիորեն պահանջում են նրա ինքնակամ հրաժարականը, իսկ կաթողիկոսից կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից' Արամ Աթեշյանին կախակայել:
Հիշյալ նամակի կապակցությամբ Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդի դեմ բողոքի միջոցառում է տեղի ունեցել նաև Ստամբուլում: Եվ, ահա, թե ինչ հայտնեց մեզ Լուրեր.com-ի ստամբուլյան աղբյուրը` տեղի ունեցածի կապակցությամբ:

 

Նախապես իմանալով, որ Աթեշյանը գրեթե ամենուր իր լրտեսները կամ լրատուներն ունի, բողոքի միջոցառման նախաձեռնող խումբը' մտավորականների «Միտք» հարթակը, խորամանկ քայլի է դիմել, որպեսզի Աթեշյանը չկարողանա ոստիկանության, անվտանգության ուժեր հրավիրելով, տապալել Ստամբուլի հայ համայնքի այդ միջոցառումը: Միջոցառման նախաձեռնողները կեղծ տեղեկություն են տարածել, թե Պատրիարքարանի դիմաց բողոքի միջոցառումը լինելու է հունիսի 21-ին, ժամը 11-ին: Այս լուրը, ինչպես ենթադրվում էր, հասել է Աթեշյանին:

 

«Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդի կարգավիճակով պատրիարքի աթոռին առանց ընտրությունների, ապօրինաբար տիրացած-բազմած Արամ Աթեշյանը մի անհեթեթ բան է արել, որը ոչ օսմանյան, ոչ էլ հանրապետական Թուրքիայի պատմության մեջ երբևէ տեղի չի ունեցել,- ասաց Ստամբուլի մեր աղբյուրը:- Նախապես իր լրատուների միջոցով իմանալով, որ հայ համայնքում նախապատրաստություն կա և ցուցարարները հունիսի 21-ին, ժամը 11-ին պետք է գան, պատրիարքարանի դռան առջև ցույց անեն, Աթեշյանը վախվորած դիմել է Թուրքիայի ոստիկանության և ազգային անվտանգության ծառայությանը, ասել, որ վա՜յ, իմ դեմ այսպիսի ցույց են կազմակերպում, միջոցներ ձեռնարկեք, իմ անվտանգությունն ապահովեք: Թուրքիայի ոստիկանությունը, անվտանգության ուժերն արձագանքելով Աթեշյանի խնդրանքին, հունիսի 21-ին պատրիարքարանի մոտ են ուղարկել իրենց մարդկանց, ջրնետ մեքենաներ (Թուրքիայում դրանց ասում են թոմա և ասոցացնում Էրդողանի հետ, քանի որ հասարակական միջավայրում Էրդողանը որտեղ հայտնվում է, գրեթե միշտ այդ մեքենաները հայտնվում են), ինչպես նաև զրահապատ բազմաթիվ մեքենաներ, որպեսզի թույլ չտան կամ, հարկ եղած դեպքում, ցրեն ցույցը: Եկած ուժերը հատուկ հանդերձավորված են եղել' ծնկակալներով, սաղավարտներով, մահակներով և այլն, մոտ 2 մետր հասակով հաղթանդամ ոստիկաններ են եկել, որպեսզի ցուցարարների դեմ կանխարգելիչ ինչ-որ գործողություններ անեն:

 

Անցել է կես ժամ, 1 ժամ, 2 ժամ, բայց ոչ մի ցուցարար չի եղել այդտեղ, որովհետև ցույցն այդ օրը չէ, մյուս օրը պետք է տեղի ունենար: Արդյունքը եղել է այն, որ համայնքի տարբեր ղեկավարներ լսելով այս ամոթալի պատահարի մասին, զանգահարել են Արթին Աթեշին և ասել, թե այս ի՞նչ ես արել, դիմել ես Թուրքիայի ոստիկանական, անվտանգության ուժերին, որ գան, հայ ցուցարարների դեմ ինչ-որ բա՞ն անեն, կանխարգելիչ գործողությունների՞ դիմեն… Ասել են' դու խայտառակում ես մեզ, այսպիսի բան մեր համայնքում, հանրապետական Թուրքիայի պատմության մեջ երբևէ տեղի չի ունեցել, սա ի՞նչ խայտառակություն է: Նույնիսկ մեր ազգային հիվանդանոցի' Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն վարչության խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլին է վրդովված դիմել է Արամ Աթեշյանին և ասել, որ չի կարելի այսպիսի բան թույլ տալ, կարևոր չէ, թե համայնքում ով ինչպես է մտածում, մենք ժողովրդավար սկզբունքներով ապրող համայնք ենք, մարդիկ կարող են մեր նման չմտածել և իրենց կարծիքն արտահայտել, սա շատ բնական երևույթ է»:

 

Մեր զրուցակիցն էլ էր վրդովված ու տարակուսած.

 

«Աստված մի արասցե, որ այդ օրն իրոք ցույց լիներ, այսինքն' ոչ թե խորամանկություն արված լիներ, այլ ցույցն իսկապես հենց այդ օրը նախատեսված լիներ, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող էր լինել,- հարցրեց նա:- Մեր բժիշկների, ճարտարապետների, մտավորականների, տարբեր համայնքների ղեկավարների, մեր ազգային հիմնարկների աշխատակիցների դեմ զրահամեքենաներ, Էրդողանի թոմաներ և հատուկ հանդերձանքով ոստիկաններ հանել կարող էր երևի միայն Արամ կամ Արթին Աթեշի նման անմակարդակ «հոգևորականը», դա հենց իր կերպարի մասին է վկայում: Եթե դժբախտաբար անգործունակ Պոլսի մեր պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն այսօր անգործունակ չլիներ և անկողնում լսեր կատարվածի մասին, երևի ոսկորները մարմնի մեջ կպտտվեին: Շշմելու բան է սա, ոչ մի հայ սա չի՛ ների Արամ Աթեշյանին: Այս խայտառակությունն արդեն պետք է զսպվի: Տարօրինակ է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հերթական անգամ կուլ է տալիս Արամ Աթեշյանի խայտառակ վարքի արտահայտությունը, հրապարակայնորեն նրանից հաշիվ չի պահանջում, թե որպես հայ հոգևորական, ինչպե՞ս ես այսպիսի արարք թույլ տվել»:

 

Ստամբուլի մեր աղբյուրի տեղեկացմամբ, համայնքի, այսպես ասած, թաղական խորհրդից մարդիկ, որոնք բարիդրացիական, նորմալ հարաբերություններ ունեն Ստամբուլի կուսակալության հետ, զանգահարել են Ստամբուլի կուսակալին, ասել, որ մեր համայնքում նման թյուրիմացություն է տեղի ունեցել, խնդրում ենք ձեր այդ զինված ուժերը հետ քաշեք պատրիարքարանի մոտից, պետք չէ նման բան անել: Այդ զանգերից հետո ոստիկանական ուժերը պատրիարքարանի մոտից հեռացվել են:

 

Ստամբուլում գրեթե բոլորն էլ հասկանում են, որ Արամ Աթեշյանն իր այդ քայլով խայտառակել է տեղի հայ համայնքը, Պոլսո պատրիարքարանի 555 տարվա պատմության մեջ նման դեպք տեղի չէր ունեցել: Հաջորդ օրը Արամ Աթեշյանի դեմ բողոքողները գնացել, պատրիարքարանի դիմաց շատ հանգիստ, քաղաքակիրթ կերպով իրենց ցույցն արել են, կարդացել իրենց հայտարարությունը և սև ծաղկեպսակը դնելով, հեռացել: Ծաղկեպսակի վրա գրված է եղել' մենք ուզում ենք մեր պատրիարքին ընտրել: Հուսանք, որ այդ օրը շատ չի ուշանա: Ցույցի ընթացքում ու դրանից հետո դեռ երկար ժամանակ Աթեշյանը վախից դուրս չի եկել իր աշխատասենյակից:

Արթուր Հովհաննիսյան