Հայաստանի քաղաքական համակարգը կատարյալ անորոշության մեջ է: Այս վիճակի մեկնարկը տրվել է սահմանադրական փոփոխություններով և կշարունակվի առնվազն միջև հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները: 

 

Երբ 1998-ին իշխանությունից հեռացավ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյան- Վազգեն Սարգսյան-Սերժ Սարգսյան եռյակի դեմքով հայտնի էր նոր իշխանության հասցեատերը: Քաղաքական ուժերը դիրքավորվում են այս եռյակի շուրջ կամ նրա դեմ: Նույն պատկերն էր նաև 2008 թվականին, երբ իշխանությունից հեռանում էր Քոչարյանը այն հանձնելով Սերժ Սարգսյանին:

 

Հիմա վիճակն արմատապես այլ է: Նախ տեղի է ունեցել սահմանադրական փոփոխություններ և առաջիկայում նախագահի ինստիտուտը կորցնելու է իր առանցքային դերակատարությունը ներքաղաքական համակարգում: Հայտնի է նաև, որ 2018 թվականին Սերժ Սարրգսյանը հեռանալու է միայն նախագահի պաշտոնից, սակայն չի պատրաստվում հանձնել իշխանությունը: Այստեղ էլ առաջանում է ինտրիգը: Ինչ կարգավիճակով է Սարգսյանը ղեկավարելու երկիրը 2018 թվականից հետո: Այս հարցի պատասխանը չունեն անգամ իշխանության ներկայացուցիչները, համենայնդեպս նևանք, ովքեր շփվում են մամուլի հետ: Երկու տարբերակ կա. առաջինը պայմանականորեն կոչենք վրացական, որի դեպքում հայտնի միլիարդատեր Բիձինիա Իվանիշվիլին իր բիզնես կենտրոնում նստած ղեկավարում էր երկիրը դրածոների միջոցով: Նույնը կարող է լինել Հայաստանում, որը կղեկավարվի ՀՀԿ գրասենյակում նստած Սարգսյանի կողմից:  Անկեղծ ասած, սա վտանգավոր ժողովրդավարությանը սպառնացող տարբերակ է, որովհետև խախտվում է որոշումների կայացման լեգալ, լեգիտիմ սկզբունքը: Հայաստանում, օրինակ, կարող է հաստատվել կուսակցապետություն ու սահմանադրական փոփոխությունները հանգեցնեն սովետական կառավարման համակարգի ռեստավրացիային: 

 

Մյուս ճանապարհն ավելի ընդունելի է, երբ Սերժ Սարգսյանը նախագահական լիազորությունների կամ հենց խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ստանձնում է երկրի ղեկավարի` վարչապետի պաշտոնը: Քաղաքական պատասխանատվության ինստիտուտի արմատավորման տեսանկյունից սա է ամենառացիոնալ լուծումը:

 

Ինձ շատ քիչ է հետաքրքում Սարգսյանի նոր իշխանության կադրային կազմը: Ասենք Էդվարդ Նալբանդյանը կարող է վերադառնալ Փարիզ` իր պաշտոնը զիջելով Վիգեն Սարգսյանին, օլիգարխների փոխարեն խորհրդարան կարող են գալ նրանց որդիները, կամ սանիկները: Հավատացեք, սրանք երկրորդական հարցեր են:

 

Առանցքային է ընտրությունների որակը, լավատեսության հիմքեր չկան, չնայած կանխատեսվում է, որ 2017-ի ընտրական ցիկլը շատ խաղ ու անցնցում է լինելու: Բանն այն է, որ այդ ընտրություններում բացակայելու է քաղաքական մրցակցության բաղադրիչը: Իշխանությունը իրական այլընտրանք չունի, գլխավոր փայատերը Սերժ Սարգսյանի թիմը, որոշակի քվոտա է տալու տիտղոսային ընդդիմությանը:

 

Մի խոսքով` ազգային համաձայնության ասիական կամ մենթալիտետային դրսևորում: Սերժ Սարգսյանը հրաշալի բանաձևում ու լուծում է տալիս կարճաժամկետ մարտավարական խնդիրներին: Փորձը ցույց է տալիս, որ նա խույս է տալիս ռազմավարական լուծումներից: Ըստ այդմ, 2017-2018 թվականներին անկախ կադրային փոփոխություններից, իշխանության որակական փորփոխության ականատես չենք լինի: Նոր թիմի և իշխանության ժառանգորդի հարցով Սերժ Սարգսյանը կզբաղվի 2017-2018 թվականներից հետո` վարչապետի կամ այլ կագավիճակով: Իսկական հրապարակային կամ ստվերային ինտրիգներին ականատես կլինենք հենց այդ տարիներին:


Սարգիս Հակոբյան