Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի առնչությամբ կառավարության անունից հայտարարություն անելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ակտիվ հրապարակումներ են անում ինչպես գերմանական, այնպես էլ թուր քական լրատվամիջոցները:
Մասնավորապես, լրատվականները հայտնում են, որ Էրդողանը Վարշավայում Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ բացասական է պատասխանել Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցը թույլ տալու պահանջին: Որպես նախապայման Էրդողանը պահանջել է, որ Մերկելը հայտարարություն անի այն մասին, թե Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը կառավարության տեսակետը չի հայտնում: Այդուհանդերձ, ըստ գերմանական և թուրքական լրատվամիջոցների, Մերկելն անհնար է համարել նման հայտարարության հնչեցումը:
Թուրքիայի նախագահականից անանուն աղբյուրը հայտնել է, որ Մերկելի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության թեման քննարկվել է: Մերկելը հավաստիացրել է, որ կանի հնարավոր ամեն բան, որպեսզի բանաձևը չվնասի թուրք-գերմանական հարաբերություններին:
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել էր, որ Թուրքիան թույլատրություն չի տրամադրել Գերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնային և խորհրդարանի մի քանի անդամների' հուլիսին այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա: Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրավորել էր հուլիսին խորհրդարանական պատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակավված գերմանական զորքերին, սակայն դա նրա համար արգելվել է' կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետևանքով թուրք-գերմանական հարաբերությունների լարման հետ:
«Թուրքական իշխանություններն այս պահին հավանություն չեն տալիս մեկնելու ծրագրերին: Սակայն որևէ գրավոր բացատրություն դրա համար չի տրվել»,- այս մասին ասել է Գերմանիայի ՊՆ խոսնակը Der Spiegel պարբերականին: Վերջինս գրում է, որ այցի թույլտվությունը մերժվել է Հայոց ցեղասպանության մասին քվեարկության պատճառով: