Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան իրականացված խոշոր ահաբեկչությունն անցյալ տարվա հունվարից Ֆրանսիայում սկիզբ առած ահաբեկչությունների շղթայի ընդամենը հերթական օղակն է և հաստատապես ոչ վերջինը: Առավել քան վստահ եմ, որ Նիսի ահաբեկչությանը Ֆրանսիայում և, ընդհանրապես, Եվրոպայում հաջորդելու են բազմաթիվ զոհեր խլող նորանոր ահաբեկչություններ:

 

Ո՛չ, Նոստրադամուսը չեմ, ոչ էլ Վանգայի նման պայծառատես, ընդամենը մի քիչ շատ եմ կարդում, տեղեկություններ ստանում, տրամաբանություն ունեմ, քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացները վերլուծելու, հասկանալու, փոքր-ինչ հեռուն տեսնելու կարողություն: Այնուամենայնիվ, նույնիսկ այս ամենով հանդերձ, չէի համարձակվի նման կանխատեսում անել, եթե դեռ 1999 թե 2000 թվականին մագնիտոֆոնով լսած չլինեի ձայնագրությունը մի ելույթի, որում մասնակիորեն բացահայտվում էին «այս աշխարհի ճարտարապետների» պլանները: Ընդ որում, ընդգծում եմ, այն ժամանակ, երբ Եվրոպայում ահաբեկչությունները դեռ սկիզբ էլ չէին առել, մարդիկ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մասին նույնիսկ չէին լսել, որովհետև այն դեռ գոյություն չուներ:

 

Այդ ձայնագրության մեջ, որի ժապավենն իմ տրամադրության տակ է, և որը տարիներ անց տեսանյութի ձևով հայտնվեց «Յութուբում», համացանցում, «այս աշխարհի ճարտարապետների» ծրագրերի թվում նշվում էր նաև Եվրոպայում մոտ ապագայում նախատեսված լայնամասշտաբ ահաբեկչությունների իրականացման մասին, որոնցով այնտեղ պետք է հարուցվի ժողովուրդների անվստահությունը անվտանգության, ներկա և վաղվա օրվա հանդեպ, ձևավորվի համոզմունք եվրոպական պետությունների ղեկավարների կողմից ահաբեկչությունների դեմն առնելու և իրենց կյանքի իրավունքն ապահովելու անկարողության նկատմամբ: Ավելին` դրանց միջոցով պետք է ստեղծվի խուճապ և քաոսային իրավիճակ, որպեսզի եվրոպական ժողովուրդները հրաժարվեն իրենց երկրների ղեկավարներից և իրենց պետությունների թեկուզ մասնակի, հարաբերական ինքնիշխանությունից, հանրաքվեով, միանգամայն ժողովրդավարական ճանապարհով կողմ արտահայտվեն մի մեծ պետության մեջ պետությունների միավորվելուն և իշխանության բերեն այդ միասնական պետության ղեկավարին' Նեռին կամ Համաշխարհային կառավարության կառավարչին, որը խոստանալու է վերջ տալ այդ ահաբեկչություններին և իրենց համար ապահովել անվտանգ կյանք: Դատելով ամենից, այդ ժամանակները հեռու չեն, այլ խնդիր է, որ եթե նույնիսկ բավարար դիմադրություն չցուցաբերվի և իրականություն դառնան այդ «ճարտարապետների» ծրագրերը, Նեռը վերջում իր նպատակին չի հասնելու, նրա իշխանությունը տապալվելու է (Հովհաննեսի Հայտնությունում է գրված):

 

Ինձ համար դեռ 2015թ. նոյեմբերի 13-ից, երբ «Իսլամական պետության» ահաբեկիչները Փարիզում և նրա արվարձանում իրականացրեցին խոշոր ահաբեկչություն (ավելի քան 150 զոհ, 350-ից ավելի վիրավորներ, որոնցից մոտ 100-ը ծայրահեղ ծանր վիճակում), պարզ էր, որ «այս աշխարհի ճարտարապետների» համար «Իսլամական պետությունն» ընդամենը գործիք է, որին նույնիսկ ընթացիկ ու հետագա ցուցումներ, հրահանգներ պետք չեն: Կարևորն այն է, որ այն արդեն ստեղծված է, կա, գտնվում է այն ռելսերի վրա, որի վրա պետք է լիներ և ընթանում է նախանշված ճանապարհով: Դրա համար էլ համոզված եմ, որ Փարիզում, Լիոնում, Նիսում, Ֆրանսիայի այլ բնակավայրերում և եվրոպական պետություններում իրականացված ահաբեկչությունները դեռ միայն սկիզբն են, նախերգանքն են ավելի մեծ և արյունալի ահաբեկչությունների, որոնք, բնականաբար, ավելի մեծաքանակ զոհեր են խլելու և տեղիք են տալու զանգվածային խուճապի ու սարսափի:

 

Առաջիկայում բացառված չեն մարդատար գնացքների և մետրոյի շարժակազմերի կործանումները, նույնիսկ` քիմիական գործարանների, ատոմակայանի պայթեցումները: Թեև բանը դրանց կարող է և չհասնել, քանզի «ավտոմոբիլային պատերազմը» կամ բեռնատարը զենքի վերածելը, ինչպես ցույց տվեց Նիսի ահաբեկչությունը, և՛ մեծաթիվ զոհերի, վիրավորների պատճառ հանդիսանալու, և՛ զանգվածային ահաբեկման տեղիք տալու, և՛ ահաբեկիչների համար մատչելի լինելու առումներով բավական արդյունավետ և նախընտրելի միջոց է: Բեռնատար ձեռք բերելը, վարելը բոլորովին էլ դժվար չէ, իսկ կուշտուկուռ, բարեկեցիկ կյանքով ապրող Եվրոպայում շքերթները, տոնակատարությունները և զանգվածային մյուս միջոցառումները մեկը մյուսին են հաջորդում: Եթե դրանք մի օր նույնիսկ իսպառ արգելվեն, միևնույն է, մարդաշատ վայրեր կան գրեթե ամենուր:
Միաժամանակ համոզված եմ, որ Նիսի ահաբեկչությունն իրականացրած նույն քաղաքի բնակիչ, ծագմամբ Թունիսից, Ֆրանսիայի քաղաքացի, 31-ամյա Մուհամեդ Լահուաեջ Բուհլելը, ինչպես նաև Եվրոպայում նախկինում ահաբեկչություններ իրականացրած «Իսլամական պետության» անդամները ոչ լսել են, ոչ էլ չնչին պատկերացում ունեն «այս աշխարհի ճարտարապետների» հիշյալ պլանների մասին: Նրանք և առաջիկայում ահաբեկչություն իրականացնողներն առաջնորդվել և առաջնորդվելու են իրենց ներշնչված բարձր գաղափարներով կամ վրեժի զգացմամբ, որը թույլ է տալիս գնալ ինքնազոհության, նրանց պարզապես օգտագործել և օգտագործելու են:

 

Միամտություն է հույսեր տածելը, թե անվտանգության ծառայությունները կկարողանան ահաբեկչությունների դեմն առնել: Մի մասը նախապես կկարողանան բացահայտել, կանխել, բայց հաստատապես ոչ բոլորը: 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում իրագործված ահաբեկչությունից հետո, ինչպես հայտնի է, Ֆրանսիայի իշխանությունները ողջ երկրում արտակարգ դրության ռեժիմ էին սահմանել: Նրանք հրապարակայնորեն ու հստակ զգուշացված, տեղեկացված էին Ֆրանսիայում «Իսլամական պետության» բջիջների ու զինյալների առկայության, հնարավոր ահաբեկչությունների մասին, սակայն այդ ամենը բավարար չեղավ կանխելու Նիսի ահաբեկչությունը: Ինչպես արդեն հայտնի է, 26 տոննանոց «Ռենո» մակնիշի բեռնատարի վարորդը ֆրանսիացիների սիրած ազգային տոնի' Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ մեքենան մխրճել է քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում' Նիսի Անգլիական առափնյակին հավաքված հազարավոր մարդկանց բազմության մեջ ու մոտ 2 կմ զիգզագաձև ընթանալով, հնարավորինս շատ մարդկանց տակով տվել: Ահաբեկչությունը կատարած 31-ամյա թունիսցի վարորդը, դրանից բացի, նաև կրակել է մարդկանց վրա: Այս ամենի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 84 հոգի, վիրավորվել ավելի քան 120 մարդ, նրանցից 18-ը ծայրահեղ ծանր վիճակում է, տուժածներից 54 երեխա հոսպիտալացվել է:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նոյեմբերյան ահաբեկչական գործողություններից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը, որը Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում էին մինչև հուլիսի վերջը վերացնել, կերկարաձգվի ևս երեք ամսով: Հասկանալի է, որ նշված երկարաձգումը գրեթե ոչինչ չի տալու, քանի որ Նիսի ահաբեկչությունն իրականացվել է հենց այն ժամանակ, երբ այդ արտակարգ դրության ռեժիմն ուժի մեջ էր: Ահաբեկչությունն իրագործելու համար իրենց կյանքը տալուն պատրաստ մահապարտ ահաբեկիչների առկայության պարագայում առանձնապես արդյունք չի ապահովելու նաև անվտանգության ապահովման համար առաջիկայում 10 հազար զինվորականների ներգրավումն այդ գործում, որի մասին հայտնել է Օլանդը:

 

Արթուր Հովհաննիսյան


 

Տեսանյութերը'