Թուրքիայում գիշերը տեղի ունեցած ու ձախողված զինվորական հեղաշրջման փորձը զինվորական հեղաշրջումների հարուստ պատմություն ունեցող այդ պետության մեջ առաջինը չէ և, հավանաբար, վերջինն էլ չի լինի: Հիշենք, որ այս հեղաշրջումից առաջ ձախողվեց 2003թ. պլանավորված ռազմական հեղաշրջումը: Զինված ուժերի 29 գեներալի և 133 այլ սպայի հավանությանն արժանացած այդ գաղտնի պլանը կոչվում էր «Բալյոզ» («Կռան»): Դրա հետևում կանգնած զինվորականների հիմնական նպատակը իշխանությունից «Արդարություն և զարգացում» կուսակցությանը հեռացնելն էր, Թուրքիայում քաղաքական իսլամի զորացման դեմն առնելը, աշխարհիկ ռեժիմի կողմնակիցներին և նշված ռեժիմի նկատմամբ վատ չտրամադրված պաշտոնյաներին իշխանության բերելը: Կարելի է ասել, որ Թուրքիայում գիշերվա հեղաշրջման փորձի հեղինակների նպատակը նույնպես դա էր:
«Ես խոսել եմ Թուրքիայում գտնվող չորս թուրք լրագրողի և 2 հայ լրագրողի հետ, վերջին խոսակցությունն այսօր ժամը մոտ 14-ի կողմ է եղել,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, տարածաշրջանային վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:- Տեղի ունեցածն արդեն ճնշվել է: Այդ բանակային կորպուսում գտնվող մի հատված, որը դժգոհություն հայտնելով Թուրքիայի ներկայիս իշխանությունների դեմ, փորձեց ռազմական հեղաշրջում իրականացնել, անհաջողության մատնվեց: Բավականին ձերբակալվածներ կան, պաշտոնապես ներկայացվում է մոտ 750, բայց նրանց թիվը դրանից շատ-շատ ավելին է, ապստամբներ, նրանց աջակիցներ են ձերբակալվել նաև զինվորական ստորաբաժանումներում: Նրանց առաջնորդող հատվածը մոտ 50 հոգի է, նրանց մեջ կան մոտ տասնյակի չափ գեներալներ, նաև գնդապետներ, փոխգնդապետներ: Ապստամբների մարդիկ եղել են թե Միջերկրականի հատվածում (ցամաքային զորքեր և ծովային զորքեր), թե Էգեյանի հատվածում, մայրաքաղաք Անկարայում, Թուրքիայի ամենամեծ քաղաքում' Ստամբուլում: Կարելի է համարել, որ սրանք ըմբոստության կենտրոններն են եղել: Զոհվածների թիվը նույնպես շատ ավելին է հայտարարվածից, պաշտոնական թվերը սկզբնական շրջանում երբեք էլ վստահելի չեն լինում: Ասում են, որ Ստամբուլում ծանր վիրավորներ կան»:
Տարածաշրջանային վերլուծաբանի տեղեկացմամբ, իբրև տեղի ունեցածի ետևում կանգնած անձի՝ շրջանառվում է Ֆեթուլլահ Գյուլենի' ամերիկյան հովանավորություն վայելող այդ իսլամական գործչի անունը, որը Թուրքիայում բավական լուրջ կապեր ունի: Բացառված չէ, որ նա լինի, չնայած ռազմական հեղաշրջման փորձի առաջին ժամում նա պաշտոնապես հերքել էր, ասել, որ ինքն ընդհանրապես կապ չունի և իրեն ուզում են քավության նոխազ դարձնել, նույնիսկ դատապարտել էր իրեն տեղի ունեցող իրադարձությունների հետ կապելու քայլը:
«Ես ևս հակված չեմ մտածելու, որ Գյուլենն առնչություն ունի, որովհետև հեղաշրջման փորձը ղեկավարող զինվորականների հայտարարությունը, որն ազգային հեռուստատեսության առաջին ալիքով եթեր է սփռվել, ծայրից ծայր 3-4 անգամ լսել եմ, հետո էլ կարդացել հայտարարության շարադրանքը, որը հետո հրապարակվեց,- ասաց Սարգիս Հացպանյանը:- Բոլորովին իսլամական չէ այդ հայտարարությունը, չափից դուրս քեմալիստականի հոտ է գալիս, մի քիչ ծայրահեղ քեմալիստականի, չափից դուրս աշխարհիկի: Այդ հայտարարությունը երկրի բոլոր էթնիկ ու հավատամքային տարբերություններ ունեցող հատվածների' իրար հետ նույն երկրում նույն երկրի քաղաքացու հանգամանքով համատեղ ապրելու, կողք-կողքի ապրելու, հարևանությամբ ապրելը շարունակելու կոչ է պարունակում և էրդողանյան իշխանություններին մեղադրում է կրոնամոլության մեջ, կրոն տանող ուղղությունը դատապարտող է: Սակայն Գյուլենը, որպես իսլամիստական գործիչ, կրոնի հետ կապված հարցերում ավելին է, քան Էրդողանը, չեմ կարծում, որ հեղաշրջման փորձը նրա նախաձեռնածը լինի:
Անշուշտ, բացառված չէ նաև, որ ապստամբածներն իրենց աշխարհիկ ուղղության կողմնակիցներ ցույց տալով, իրականում լինեն գյուլենական: Եթե հրապարակված լինեին հեղաշրջման փորձ կատարած բարձրաստիճան զինվորականների անուն ազգանունները (նրանց ամբողջ ցուցակը դեռ չի հրապարակվել), ապա այդ ցուցակում ընդգրկված մարդկանց կենսագրություններով կարելի էր իմանալ նրանց քաղաքական կողմնորոշումը կամ կեցվածքը»:
Թուրքիայում այս հեղաշրջման փորձն ի՞նչ հետևանքներ, արդյունքներ կունենա: Ի պատասխան մեր այս հարցի, Սարգիս Հացպանյանը նախ չբացառեց այն տարբերակը, որ կատարվածը կարող է լինել Էրդողանի կազմակերպածը:
«Այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում, Էրդողանի դիրքերը միմիայն ուժեղացնում է, ընդհանրապես չի թուլացնում,- ասաց մեր զրուցակիցը:- Իրեն պետք էր նման բան' նույնիսկ իրենից դժգոհ հատվածի աջակցությունը վայելելու և սահմանադրական փոփոխություն անելու: Իր միակ նպատակն այդ սահմանադրական փոփոխությունն անելով, միանձնյա իշխանության ձեռքբերումն է օրինապես: Իր դարդնուցավը դա է, հիմա միայն դրան է ձգտում, ուզում է դրանով ձեռք բերել գրեթե սուլթանի կարգավիճակ: Տեղի ունեցած իրադարձությունները, բնականաբար, շատ կնպաստեն նրա այդ նպատակի իրագործմանը: Նույնիսկ Ժողովրդա-հանրապետական, «Ազգային շարժում» կուսակցությունները, քրդամետ կուսակցությունը կատարվածից հետո կասեն' չէ, սա այսպես չի կարող լինել, երկիրը չի կարող անկայուն վիճակում լինել, պետք է այս երկրում, այսպես ասած, մի երկաթյա ձեռք, որն իշխում է, և դա ավելի նախընտրելի է քաղաքականապես, քան դրա բացակայությունը և անկայունությունը: Կմտածեն, որ ուժեղ մարդ է, իրենից դժգոհ ու նույնիսկ զինված բանակային հատվածը չի կարողանում հաջողության հասնել»:
Ըստ տարածաշրջանային վերլուծաբանի, բոլորը գիտեն, որ Էրդողանը հակաքեմալիստ է, և իր ամբողջ իշխանության տարիներին ամեն ինչ արել է Քեմալի նույնիսկ հիշատակը չթողնոլու համար: Այս ընթացքում, որքան էլ տարօրինակ է, նա կարողացել է աշխարհիկության երաշխավոր հանդիսացող զինված ուժերը' «Թուրքական բանակ» կոչեցյալը, բավականին կադրային փոփոխությունների ենթարկել, և բանակում, որտեղ միշտ, առանց քեմալիստ լինելու, հնարավոր չէր նույնիսկ փոքր պաշտոններ զբաղեցնել, այդ բանակի միջին օղակում հավաքել է լիբերալ կամ չափավոր իսլամի հետևորդ սպայակույտի:
«Վաղը նրանք դառնալու են բանակի գեներալիտետը,- ասաց Սարգիս Հացպանյանը:- Այս գործընթացը վերջին 6-7 տարվա ընթացքում է տեղի ունեցել և միշտ առիթ հանդիսացել բանակում գտնվող իրական քեմալիստ, Աթաթուրքի հետևորդ բարձրաստիճան սպաների դժգոհության: Սակայն, նրանք միայն դժգոհություն են արտահայտել, դա գործողությունների չի վերածվել: Այս անգամ կարծես թե հենց նրանց դժգոհությունն էր, որ վերածվեց գործողության: Եթե ապստամբների հրապարակած հայտարարությունը նկատի ունենալով, մեկն ինձ հարցներ, թե այդ ձեռագիրն ո՞ւմ ձեռագիրն է, կասեի, որ եթե ես քեմալիստ լինեի, դա կգրեի, այդ աստիճանի քեմալիստական է այդ հայտարարության շարադրանքը»:
Արթուր Հովհաննիսյան