Ադրբեջանում բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմած 24.921 դիմորդներից միայն 6 հոգին են կարողացել քննություններում բարձր' 700 միավոր հավաքել, իսկ 80 տոկոսից ավելին «անբավարար» գնահատական է ստացել:

 

«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրում է, որ եթե նախորդ քննաշրջաններում պատկան մարմինները հայտնում էին քննություններից 0-100 միավոր հավաքած դիմորդների թիվը, ապա այս տարի խուսափել են դա անել, որպեսզի մեկ անգամ եւս չբացահայտվի Ադրբեջանում կրթության աղետալի վիճակը:

 

Թերթը գրում է, որ խայտառակ արդյունքներ է գրանցվել նաեւ ավելի վաղ ուսուցիչների վերաորակավորման քննությունների անցկացման ժամանակ:

 

«Հայտնի ճշմարտություն է Ադրբեջանում կրթության ոլորտը կոռուպցիայի մեջ թաղված լինելը, միջնակարգ դպրոցի գործունեության կորուստը, եւ այն, որ երկրում զանգվածային անգրագիտություն է տիրում: Իսկ ադրբեջանական կառավարությունը ցանկանում է խուսափել 24.921 դիմորդներից միայն 6-ի 700 միավոր հավաքելու խայտառակ արդյունքից: Վիճակն այնքան վատ է, որ 6 հոգու բարձր արդյունքը որպես սենսացիա է ներկայացվում: 6 հոգու 700 միավոր հավաքելու համար ուրախանալու փոխարեն, պետք է ամոթ զգանք հազարավոր դիմորդների «2» գնահատական ստանալու համար», -գրում է թերթը:

 

Թերթը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունները զբաղված են թերի կամ չեղած հաջողություններն աննախադեպ զարգացում ներկայացնելով, ժողովրդին խաբելու միջոցով ժամանակ շահելով, ինչի պատճառով իրավիճակը երկրում բոլոր բնագավառներում գնալով ավելի վատանում է: