ՀՀ այսօրվա իշխանությունները պատրաստ են Ադրբեջանին հանձնել ազատագրված տարածքները, ինչպես և նախկին իշխանությունները… ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանն այդ հարցում պատրաստ է վարվել այնպես, ինչպես նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը: Մինչդեռ խոսքը ոչ միայն մեր պատմական հայրենիքի և ԼՂՀ Սահմանադրությամբ նրա անբաժանելի մասը հանդիսացող ազատագրված գրեթե բոլոր տարածքների մասին է, այլև ԼՂՀ անվտանգության և գոյության երաշխիք հանդիսացող տարածքների:

 

Վերնագրում արտահայտված տեղեկատվությունն իմ ենթադրությունը չէ, այն բխում է ոչ թե լրագրողիս վերլուծությունից, այլ իմ հարցմանը ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի պաշտոնական պատասխանից: Պարոն Բալայանին ուղղել էի նաև հետևյալ հարցերը.

 

1. Իրականությանը համապատասխանո՞ւմ է Մադրիդյան փաստաթղթի այն շարադրանքը, որը 2016թ. ապրիլի 13-ին հրապարակել է Հայկական Ուսումնասիրությունների Անի կենտրոնը:

 

2. Իրականությանը համապատասխանո՞ւմ է Կազանի փաստաթղթի (աշխատանքային տարբերակ) այն շարադրանքը, որը 2016թ. հունիսի 23-ին հրապարակել է Հայկական Ուսումնասիրությունների Անի կենտրոնը:

 

Անտեղյակ ընթերցողներին տեղեկացնենք, որ նշված փաստաթղթերով նախատեսված է ԼՂՀ Սահմանադրությամբ այդ պետության վարչատարածքային կազմում գտնվող ազատագրված տարածքների հանձնումը մեր թշնամուն` Ադրբեջանին: Մասնավորապես, Կազանի փաստաթղթի համաձայն, ԼՂՀ միջանկյալ կարգավիճակի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է հանձնելու «Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ»:

 

Ըստ նույն փաստաթղթի, «Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են Խաղաղության համաձայնագրով:
Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները:

 

Հետագայում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները:
Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Նախքան շրջանի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, այնտեղ թույլատրվում է հայկական սահմանափակ զորամիավորում` մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Հայկական սահմանափակ զորամիավորման տեղակայվելու վայրը որոշելու է Միջազային անցումային հանձնաժողովը:

 

Քելբաջարի շրջանը, նախքան Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձը, ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով գտնվելու է Միջազգային անցումային հանձնաժողովի դիտարկման տակ: Հանձնաժողովում ներառվելու են հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Միջանկյալ ժամանակահատվածում խրախուսվելու է, որպեսզի Քելբաջարի շրջանի հայ բնակչությունը հեռանա այնտեղից:

 

Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց թույլ է տրվում վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:

 

Լաչինի շրջանի այն հատվածները, որոնք դուրս են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքից, Ադրբեջանի վերահսկողության տակ են վերադարձվում Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո»:
Ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ վերը մեջբերված հարցերիս տեսականորեն կարող էր տրվել հետևյալ պատասխաններից մեկնումեկը` իրականությանը համապատասխանում է, իրականությանը չի համապատասխանում, իրականությանը համապատասխանում է մասամբ: Սակայն պարոն Բալայանն ընտրել է պատասխանի խիստ յուրօրինակ և աննախադեպ մի տարբերակ, վերոնշյալ պատասխաններից մեկնումեկի փոխարեն, իր կարծիքն է հայտնել: Ահավասիկ նրա պատասխանը.

 

«Ձեր հարցերում մեջբերված փաստաթղթերը կարծում եմ վերլուծական աշխատանքի արգասիք են»։

 

Այլ կերպ ասած, ԱԳՆ մամուլի քարտուղարը հարցին ըստ էության պատասխանելու փոխարեն, խորամանկել ու խուսանավել է, բայց չի ստել, քանի որ և՛ Մադրիդյան փաստաթուղթը, և՛ Կազանի փաստաթուղթը վերլուծական աշխատանքի արգասիք են, քաղաքական գործիչները, մասնագետները (քաղաքագետներ վերլուծաբաններ) կամ փորձագետները դրանք գրել են վերլուծական լուրջ աշխատանքի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի աշխարհաքաղաքական շահերը, Հայաստանի, Ադրբեջանի, Արցախի թույլ և ուժեղ կողմերը, ինչպես նաև այլ հանգամանքներ հաշվի առնելով, որոշակի հետևանքներ և արդյունքներ հաշվարկելով: Հիմա այլևս պարզ է, որ իրականությանը համապատասխանում են հիշյալ կենտրոնի հրապարակած և՛ Մադրիդյան փաստաթղթի շարադրանքը, և՛ Կազանի փաստաթղթի շարադրանքը, այլապես պարոն Բալայանն ուղղակի կպատասխաներ, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը կամ համապատասխանում են մասնակի: Ավելին. այս ընթացքում պարզ դարձավ նաև, որ նշված փաստաթղթերը հրապարակված են ԵԱՀԿ դեպոզիտարիայում, հետևաբար դրանց` իրականությանը համապատասխանել-չհամապատասխանելու հարցն ասպարեզից դուրս է գալիս:
Անդրադառնանք նաև մեկ այլ հարցի. Հայաստանի Հանրապետության վերաբերմունքը Կազանի փաստաթղթի նկատմամբ, այսինքն` ՀՀ-ն այն ընդունե՞լ է, թե մերժել: 2016թ. ապրիլի 7-ին ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ «2011թ. կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել` չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք դրա մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է տասը նոր առաջարկ և փաստացի խափանել կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»: 2014թ. օգոստոսին նույն մտքերն արտահայտել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մեկ այլ առիթով արդեն գրել եմ, որ ազգովի պետք է շնորհակալ լինենք Իլհամ Ալիևին, որովհետև եթե նա տասը նոր առաջարկ ներկայացրած ու փաստացի խափանած չլիներ տվյալ փաստաթղթում առկա կարգավորման սկզբունքների համաձայնեցումը, Հայաստանը հիմա արդեն ստորագրած կլիներ Կազանի փաստաթուղթը: Այս տարվա ապրիլին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում նույնպես ՀՀ նախագահը աննուղղակիորեն արտահայտել է Հայաստանի համաձայնությունը Կազանի փաստաթղթին ու նշել, որ այն չի ստորագրվել տվյալ փաստաթղթից Ադրբեջանի հրաժարվելու պատճառով:

 

Ավելին. 2016թ. ապրիլի 22-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, հենց Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ հայտարարեց, որ «Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»: Հատկանշական է, որ ՀՀ արտգործնախարարը որևէ կերպ, թեկուզ մի քանի բառով չառարկեց նրան, օրինակ, չասաց, թե, այո, չենք մերժել, բայց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այլևս մերժում ենք: Ճակատագիրը, հանձինս ապրիլյան պատերազմի, թեկուզ մեր 100-ից ավելի զոհերի կյանքի գնով ՀՀ իշխանություններին սկուտեղի վրա վրա մատուցեց Կազանի փաստաթղթից հրաժարվելու միանգամայն բավարար առիթն ու հիմքը, ընդամենը պետք էր ու պետք է օգտվել դրանցից, սակայն իշխանություններն այնքան ապաշնորհ, խոցելի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից անթույլատրելի կախման մեջ գտնվող են, որ անգամ ընձեռված առիթից ու հիմքից չկարողացան օգտվել և այժմ էլ չեն օգտվում:

Մտածելով, թե ապրիլի 22-ի հիշյալ ասուլիսից հետո ՀՀ իշխանությունները Կազանի փաստաթղթին համաձայնելու հարցում գուցե փոխել են իրենց դիրքորոշումը, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարին ուղղել էի նաև հետևյալ հարցերը.

 

«Կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթն այսօր շարունակո՞ւմ է մնալ բանակցությունների սեղանին, եթե ոչ, ապա այն որոշակի երբվանի՞ց է վերցվել բանակցությունների սեղանից», «Նշված փաստաթղթին Ադրբեջանի համաձայնության դեպքում Հայաստանը պատրա՞ստ է ստորագրել Կազանի փաստաթուղթն այն տեսքով, ձևակերպումներով, ինչպիսին այն գոյություն ունի»:

 

Դարձյալ հասկանալի է, որ այս դեպքում պետք է տրվեր հետևյալ պատասխաններից մեկնումեկը' «Այո», «Ոչ, Կազանի փաստաթուղթը 2016թ. այսինչ ամսվա այսինչ օրվանից (նշելով որոշակի ամիսը և օրը) այլևս բանակցությունների սեղանին չէ»: Հաջորդ հարցին նույնպես պետք է պատասխանվեր' «Այո», կամ' «Ոչ»: Ինչպես ակնհայտ է, ներկայացված հարցմանը կարելի էր պատասխանել շատ հակիրճ, ընդամենը մի քանի բառով, ինչը պարոն Բալայանի թանկագին ժամանակից շատ չէր խլի: Սակայն ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը նախընտրեց հարցին ուղղակի ու հստակ պատասխանելու փոխարեն, ուղարկել ավելի երկար հետևյալ պատասխանը.

 

«Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, դրանց ժամանակ քննարկված փաստաթղթերի էությանը, ապա դրանց հանգամանալից անդրադարձել է ԱԳ նախարարը իր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում և մեկնաբանություններում։ Դրանք բոլորն առկա են ԱԳՆ կայքում»։

 

Շատ լավ, մնում էր չալարել և 2016թ. ապրիլի 22-ից (ՀՀ-ի կողմից Կազանի փաստաթուղթն այդ օրվա ասուլիսի պահի դրությամբ մերժած չլինելու Լավրովի արձանագրումից) հետո ուշադիր ուսումնասիրել ՀՀ ԱԳՆ կայքում հրապարակված ԱԳ նախարարի բոլոր հրապարակային ելույթները, հարցազրույցները և մեկնաբանությունները, ու տեսնել, թե դրանցո՞ւմ կան վերոնշյալ հարցերի պատասխանները: Հենց այդպես էլ վարվեցի, և հիմա ամենայն պատասխանատվությամբ հավաստում եմ, որ դրանցում բառ անգամ չկա այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել կամ հրաժարվում է Կազանի փաստաթղթից, այն այլևս բանակցությունների սեղանին չէ, և որ նշված փաստաթղթին Ադրբեջանի նույնիսկ համաձայնության դեպքում Հայաստանի Հանրապետությունը չի ստորագրելու Կազանի փաստաթուղթն այն տեսքով, ձևակերպումներով, ինչպիսին այն գոյություն ունի:

 

Հակառակը` ԱԳՆ կայքում 02.05.2016թ. հրապարակված «Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Հելսինկիի համալսարանում» մամուլի հաղորդագրությունում ներկայացված է ՀՀ ԱԳ նախարարի ելույթը, որում նա հանդես է եկել հետևյալ հռետորական հարցադրմամբ` «Ո՞վ է մերժում ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները որպես բանակցությունների հիմք», ապա պատասխանել` Ադրբեջանը, դրանով այն միտքն արտահայտելով, որ ՀՀ-ն չէ այդ առաջարկությունները մերժողը, այսինքն` Ադրբեջանի համաձայնության դեպքում Հայաստանը պատրաստ է դրանք ընդունել: Ընդգծեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք, որպես պաշտոնական առաջարկ, ԵԱՀԿ Նախարարների խորհրդում ներկայացվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների կողմից (նոյեմբերի 29, 2007թ., Մադրիդ), իրենց մեջ ուղղակի պարունակում են նաև մեր պատմական հայրենիքի և ԼՂՀ մասը հանդիսացող ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու դրույթը: Պայմանականորեն «Մայր Մադրիդյան» անվանվող այդ փաստաթղթի 3-րդ կետն ուղղակի հետևյալն է.

 

«ԼՂ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ ներքոշարադրյալ կարգով, որոնց մանրամասները կողմերը համաձայնեցնելու են Խաղաղության Համաձայնագրով»:
Ընդգծեմ, որ Մադրիդի ԵԱՀԿ Նախարարական հանդիպման ընթացքում հակամարտության կողմերին հանձնված վերոնշյալ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետությունը չէ, որ մերժել է, այլ Ադրբեջանը: Ի դեպ, մեր պետությունը 2007թ. ներկայացնում էր ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայկական կողմը մերժել է միայն նշված փաստաթղթի նորացված տարբերակը, որում պլեբիսցիտի (հանրաքվեի) վերաբերյալ կետն առաջինից հետ է տարվել է հետ, ինչպես նաև իրականացվել են մի շարք այլ փոփոխություններ, որոնք Հայաստանի համար ընդունելի չեն եղել:

Արթուր Հովհաննիսյան