Գնալ Թուրքիա, որտեղ մարդկանց, անկախ նրանից, որ հեղաշրջման փորձի մասնակից են եղել, կարող են ձեր աչքերի առաջ, օրը ցերեկով զանգվածաբար դաժանորեն ծեծել, վայր նետել կամրջից, որտեղ մարդուն օրը ցերեկով, ձեր աչքերի առաջ կարող են գլխատել, ուղղակի անասունի պես մորթել պետության ամենախոշոր քաղաքում' Ստամբուլում, մի խոսքով, լինչի դատաստանի ենթարկել' չսպասելով դատարանի դատավճռի, օրինական պատժի, հաստատապես դուրս է ողջախոհության սահմաններից:
Դժվար չէ պատկերացնել, թե այս ամենը տեսած զբոսաշրջիկներն ինչ «հաճելի» զգացողություններով, անմոռաց տպավորություններով են վերադարձել իրենց երկիր, և ինչպես են դեռ երկար, շա՜տ երկար հիշելու իրենց տեսածը' չկարողանալով բաժանվել մղձավանջային պատկերներից, ու գուցե դրանց մասին պատմելով ուրիշներին: Ի դեպ, ասվածը վերաբերում է ոչ միայն ռուս, այլև Թուրքիայում վերջին մոտ մեկ շաբաթում գտնված հայ զբոսաշրջիկներին:
Էթնիկ թուրքը և Թուրքիան եղել և մնում են վայրենի ու բարբարոս' 21-րդ դարում քաղաքակրթության պատմուճան հագած, որն անմիջապես հանում ու դեն են շպրտում, երբ լինում է իրենց իրական' գազանի դեմքը ցույց տալու առիթ: Հուսանք, որ ոչ միայն այս օրերին իրենց անվտանգության նկատառումներից ելնելով, այլև նաև սա ու նախևառաջ սա գիտակցելով է, որ Թուրքիա հանգստի մեկնելու հեռանկարից ոգևորված ռուս զբոսաշրջիկները խաչ քաշեցին իրենց մտադրությունների վրա, ոտքի ելածները վայր դրեցին իրենց ճամպրուկները, իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարած, ծաղիկներով դիմավորման և կոկտեյլներով հյուրասիրության արժանացածներն աշխատեցին ժամ առաջ ճողոպրել Թուրքիայից:
ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն, հուլիսի 17-18-ին Ստամբուլից, Անկարայից և Անթալայից դուրս են բերվել Ռուսաստանի ավելի քան 2000 քաղաքացիներ, հուլիսի 18-ի ժամը 17:00-ի դրությամբ նրանց թիվը հասել է 2337-ի: Ի դեպ, հենց այդ օրը, երբ բազմաթիվ ռուս զբոսաշրջիկներ ուղևորվել են Անթալիայի միջազգային օդանավակայան' հայրենիք վերադառնալու համար, թուրք ոստիկանները գնդակահարել են օդանավակայանից դուրս եկած, կանգնելու իրենց պահանջին չենթարկված մեկին, որի վերաբերյալ հետո հայտնել են, թե բանտից էր փախել: Մարդու գնդակահարության սթրեսածին տեսարանը նույնպես այն տեսարաններից չէ, որոնք ըմբոշխնելու ակնկալությամբ զբոսաշրջիկները մեկնել էին Թուրքիա:
Ռուսաստան վերադառնալ ցանկացողների քանակը կարճ ժամանակաընթացքում այնքան մեծ է եղել, որ նրանց տեղափոխելու համար ռուսական ավիաընկերությունների' Ռուսաստան-Թուրքիա-Ռուսաստան չվերթեր իրականացնող ինքնաթիռների քանակն այդ երկու օրվա ընթացքում բավարար չի եղել, ըստ ՏԱՍՍ-ի տեղեկատվության, Ռուսաստանի քաղաքացիների տեղափոխությանը մասնակցել են նաև թուրքական ավիաընկերությունների ինքնաթիռները: Դա պայմանավորված է եղել նաև նրանով, որ ՌԴ տրանսպորտի նախարարությունը դեպի Թուրքիա ռուսական ավիաընկերությունների կանոնավոր թռիչքները ժամանակավոր սահմանափակել է:
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հունիսի 29-ի հեռախոսազրույցի ժամանակ, ինչպեսարդեն հայտնի է, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի կողմից զբոսաշրջության ոլորտում Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները վերացնելու կապակցությամբ: Դեռ հաջորդ օրը հրապարակված «Պայթյունները Թուրքիայում դեռ նոր են սկսվել…» վերտառությամբ իմ հոդվածը հետևյալ հարցով էի սկսել' «Խելամի՞տ է արդյոք Ռուսաստանի կողմից նշված պայմանավորվածությունը, որքան էլ այն բխի Թուրքիայի և թուրք գործընկերների հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից»: Հիմա արդեն պարզ է' այդ պայմանավորվածությունը Ռուսաստանի պետական շահերի տեսանկյունից գուցե թե խելամիտ է, բայց հաստատապես խելամիտ չէր ռուս զբոսաշրջիկների մեկնելը Թուրքիա և իրենց շահույթի ետևից ընկած ռուսական զբոսաշրջային որոշ ընկերությունների գործունեությունը:
Ընդգծեմ, որ այս օրերին միայն ռուս զբոսաշրջիկները չէ, որ հեռանում են Թուրքիայից: Նույնիսկ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն է ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ տվել ժամանակավորապես ձեռնպահ մնալ Թուրքիա ուղևորություններից, քանի որ այնտեղ բարդ իրավիճակ է առաջացել զինվորական հեղաշրջման փորձի հետևանքով: Թուրքիան թերևս դեռ երկար ժամանակ հակացուցված է լինելու զբոսաշրջության համար, ինչը հսկայական նշանակություն ունի այդ պետության տնտեսության համար:
Հեղաշրջման փորձից 2-3 օր հետո' հուլիսի 18-ին, մայրաքաղաք Անկարայում տեղի են ունեցել բազմաթիվ հանցագործություններ, օրինակ, հանրության համար վտանգավոր պայմաններում թուրք զինվորականը (հավանաբար ապստամբներից) դատարանի շենքի մոտ կրակ է բացել, մի կերպ հաջողվել է նրան ձերբակալել: Հնարավոր նոր հարձակման մասին տեղեկատվություն ստանալով, Մեջլիսի մուտքն ու ելքը փակել են, ապա Թուրքիայի Ազգային մեծ ժողովից սկսել մարդկանց տարհանումը: Ստամբուլում դարձյալ արտակարգ դրություն է մտցվել, փողոցներում և այլուր շարունակել են պարեկել ոստիկանության ուժեղացված հաշվարկները, զինվորականները, քաղաքը լի է եղել զինվորական և ոստիկանական մեքենաներով, երկինքը' ցածր բարձրությամբ թռչող ուղղաթիռներով: Ամենուր զգացվել է լարվածություն: Չնայած ողջ Թուրքիայում ուժեղացված հսկողությանը, այդ պետության տարբեր բնակավայրերում վխտացել են արմատական, մոլեռանդ կրոնական տարրերը, ազգայնամոլական տարբեր շրջանակների ներկայացուցիչները, որոնք հարձակվել են ալևիների բնակավայրերի, տների վրա, նույնիսկ մայրաքաղաք Անկարայում' սիրիացիների խանութների ու տների վրա: Հուլիսի 18-ին անհայտ տղամարդը տղամարդ զենքով ներխուժել Ստամբուլի Շիշլի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջեմիլ Ջանդաշի աշխատասենյակ, վերջինս գլխին արձակված կրակոցից կարճ ժամանակ անց մահացել է: Նույն թե հաջորդ օրը Տրապիզոնի նահանգի Մաջքա գավառում ճանապարհային անվտանգությունն ապահովող ոստիկանության աշխատակիցների վրա հրազենային հարձակման հետևանքով վիրավորվել են չորս ոստիկան և մեկ քաղաքացիական անձ: Հուլիսի 10-ին' ուժեղ պայթյուն Անկարայում և մեծ հրդեհ, նույն օրվա երեկոյան փողոցային փոխհրաձգություն' Ստամբուլի Էթիլեր թաղամասում, որի հետևանքով զոհվել է 2 հոգի:
Դատելով ամենից, Թուրքիայում հարձակումների և անկայունության կաթսան դեռ նոր-նոր է սկսում եռալ, կրակոցները, պայթեցումները, վիրավորումները և սպանությունները դեռ նոր են թափ առնում: Առանց այն էլ Թուրքիան կանգնած էր երկու լուրջ խնդրի առջև' քրդական դիմադրության և «Իսլամական պետության» սկսած ահաբեկչական պատերազմի, հիմա սրանց ավելացան նաև հեղաշրջման փորձը և այն տապալելու հետևանքները: Այո՛, հեղաշրջման փորձը դաժանորեն ճնշելու հետևանքները, որոնք որպես իրենց մերձավորներին կալանավորելու, բանտարկելու, սպանելու դիմաց վրեժխնդրություն, դեռ զանգվածաբար նոր են արտահայտվելու' Թուրքիայում առաջացնելով հերթական անկայունությունը, բացառված չէ, նույնիսկ քաոսային վիճակը: Այդպիսի վրեժխնդրության առանձին դեպքերը, որոնք այս օրերին արտահայտվել են, կարծում եմ, դեռ միայն «ծաղիկներն» են: Այն, ինչ կարող է տեղի ունենալ առաջիկայում, շատ հնարավոր է, որ խառնի Էրդողանի բոլոր հաշվարկները: Թուրքիայում ձերբակալվածների թիվը մոտենում է 10 հազարի, պատկերացրեք միայն, թե ինչ կարող է լինել, եթե խորհրդարանը Թուրքիայում մահապատիժը վերականգնի, և ռազմական հեղաշրջման փորձի թեկուզ հարյուրավոր կազմակերպիչներ ու մասնակիցներ հայրենիքին դավաճանության և ահաբեկչության մեղադրանքով դատապարտվեն մահապատժի:
Արթուր Հովհաննիսյան