Բրիտանական արտադրության նոր HMS Ambush ատոմային սուզանավը Ջիբրալթարի ափերի մոտ բախվել է առևտրային նավի հետ, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությանը:
«Մոտավորապես ժամը 13.30-ին' Ջիբրալթարի ափերի մոտ, Astute դասի HMS Ambush սուզանավը ուսումնավարժական մանևրներ կատարելու ժամանակ կողային հատվածով բախվել է առևտրային նավին: Մենք կապի մեջ ենք առևտրային նավի անձնակազմի հետ, և, ըստ նախնական տվյալների, այն բախման հետևանքով որևէ վնաս չի կրել»,-հայտնել են Բրիտանիայի ՊՆ-ից:
Ինչ վերաբերում է սուզանավին, ապա այն արտաքին վնասներ է կրել, սակայն բուն միջուկային ուժային համակարգը չի տուժել:
Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: