Թուրքիայի ԶԼՄ-ների գլխավոր կարգավորող մարմնի' ռադիոհեռուստատեսության բարձրագույն խորհրդի տասնյակ աշխատակիցներ այդ երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած ձախողված ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում աշխատանքից հեռացվել են:

 

Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, ներկայում աշխատանքից ազատվել են խորհրդի 29 աշխատակից, բայց երեկոյան կողմ նրանց թիվը կարող է մեծանալ: Բացի այդ, ոստիկանությունը շրջափակել է խորհրդի շենքի մուտքերն ու ելքերը: Այդ կարգավորող մարմինը պատասխանատու է Թուրքիայում բոլոր հեռուստաալիքների եւ ռադիոկայանների աշխատանքի համար:

 

Հուլիսի16-ին' պետական հեղաշրջման փորձից հետո խորհուրդը չեղյալ է հայտարարել բոլոր այն ԶԼՄ-ների լիցենզիաները, որոնք, իշխանությունների կարծիքով, կապված են իսլամական ընդդիմադիր Ֆաթուլլահ Գյուլենի կառույցների հետ, որին Անկարան մեղադրում է պետական հեղաշրջման կազմակերպման մեջ: Թուրքիայում պետհեղաշրջման փորձից հետո մաքրումներ են կատարվել կառավարությունում, ԶՈւ գլխավոր շտաբում, պաշտպանության նախարարությունում, մի շարք այլ նախարարություններում, անգամ կրոնական հարցերով նախարարությունում:

 

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն' ներկա դրությամբ պետհեղաշրջման փորձի հետ կապված Թուրքիայում 58 հազարից ավելի մարդ հեռացվել է աշխատանքից գյուլենականների հետ կապեր ունենալու համար: