Այս առումով ԱԱԾ-ի ակնարկը շատ թափանցիկ է: ԱԱԾ-ի հուլիսի 25-ի հայտարարության մեջ ուղղակի նշված է, որ զենքը կամովին վայր դնելու և առանց դիմադրության իշխանություններին հանձնվելու համար թեև քիչ, բայց դեռ ժամանակ կա: Ավելի վաղ, հուլիսի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ իր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ասել էր.
«Զինված խումբը պետք է վայր դնի զենքը», «Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ»: Նա կրկին կոչ է արել զինված խմբին՝ «ժամ առաջ վայր դնել զենքը»:
«Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ»,- ասել էր հանրապետության ղեկավարը:
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հուլիսի 24-ին հայտարարեց.
«Ինչևէ, հետևելով Նախագահ Սարգսյանի կոչին, պետական գերատեսչությունները, որոնց հետ ես շարունակում եմ բանակցել, պատրաստ են սպառել զինված խմբի խաղաղ հանձնվելուն ուղղված բոլոր միջոցները: Կոչ եմ անում նաև քանի դեռ ուշ չէ, քանի դեռ հնարավոր է դա անել, ուշքի գալ և կատարել Հայաստանի Սահմանադրության և օրենքների միանշանակ պահանջը: Դրա համար ձեզ պետական մարմինները էլի են պատրաստ մամուլի հետ շփում կազմակերպել, եթե դրա կարիքը կա՝ ինչ-որ բաներ բացատրելու համար բոլորին: Բայց այս անգամ պատրաստ են դա անել բացառապես առանց զենքի, և հանրության համար բաց, հետևաբար լրագրողների համար անվտանգ տարածքում: Դրանից հետո պետք է անհապաղ վայր դնեն զենքը»:
Կարծում եմ, պարզ է, թե զինված խմբի խաղաղ հանձնվելուն ուղղված բոլոր միջոցների սպառումից հետո ինչ է սպասվում: Կարծում եմ, պարզ է նաև նրա ակնարկը, որ հետո ուշ կլինի, պետք է ուշքի գալ և կատարել Հայաստանի Սահմանադրության և օրենքների միանշանակ պահանջը, քանի դեռ պետական համապատասխան գերատեսչությունների կողմից հնարավոր է շարունակել զինված խմբի խաղաղ հանձնվելուն ուղղված բոլոր միջոցները:
Իր հայտարարությունում Վիտալի Բալասանյանն ասել է նաև. «Կոչ եմ անում նաև տղաներին, քանի դեռ ուշ չէ, անհապաղ իշխանություններին հանձնել վիրավոր տղային, ով նաև, ըստ տեղեկությունների, Ոստիկանության գնդապետին սպանողն է: Նրան շտապ բուժօգնություն է պետք, տղանե՛ր, ևս մեկ զոհ ոչ մեկին հարկավոր չէ: Ես կարծում եմ, որ տղաները պետք է օգտվեն այս վերջին հնարավորությունից»:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը համոզված է, որ իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը տանող ճանապարհ դեռ կա և կոչ է անում զինված խմբի բոլոր անդամներին անհապաղ դադարեցնել իրենց հանցավոր գործունեությունը, ներառյալ՝ մարդկանց կյանքի, առողջության և գույքի դեմ ուղղված բռնարարքները, կամովին վայր դնել զենքն ու առանց դիմադրության հանձնվել իշխանություններին:Դրա համար թեև քիչ, բայց դեռ ժամանակ կա»: Սա նշանակում է, որ իրավիճակի ոչ խաղաղ հանգուցալուծմանը, եթե զինյալ խմբի կողմից մինչ այդ չընտրվի իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը տանող ճանապարհը, քիչ ժամանակ է մնացել:
ԱԱԾ հայտարարության մեջ նշված է նաև, որ «հուլիսի 25-ին զինյալներին բաժանվել են գրավոր պարզաբանումներ, ինչպես նաև բացատրվել է նրանց կողմից պարտադիր կատարման ենթակա գործողությունների հաջորդականությունը և հանձվելու երթուղին»:
ԱԱԾ հիշյալ գրավոր պարզաբանման (զինված խմբի անդամներին ուղղված կոչի) մեջ նշված է. «Զինված խմբի բոլոր անդամներին մեկ անգամ ևս հորդորում ենք դրսևորել ողջամտություն և, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, կամովին վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին: Դրա համար դուք դեռ ժամանակ ունեք»:
Ամեն ինչ պարզ ասված է, ակնարկն էլ բավական թափանցիկ է, այլ խնդիր է, թե իշխանությունն, ի վերջո, կհամարձակվի՞ գնալ իրավիճակի ոչ խաղաղ հանգուցալուծմանը, եթե «Սասնա ծռեր» խմբի անդամները մինչ այդ կամովին վայր չդնեն զենքերը ու չհանձնվեն:
Արթուր Հովհաննիսյան