«Սասնա ծռեր» խմբի հրազենային վիրավորում ստացած ղեկավար Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել: Հավանաբար նա համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ, հակառակ դեպքում՝ ծանր վիճակում չէր հրաժարվի սննդից ու դեղորայքից: Պավլիկին մարդկայնորեն կարելի է հասկանալ, որովհետև այս շարժման ձեռնարկին նա զոհաբերել է ոչ միայն իր, այլ նաև որդու առողջությունն ու ազատությունը: Սակայն հացադուլով այս երկրում, հատկապես այս դեպքում հարց չես լուծի: Իշխանությունները գտել են զինված խումբը կազմակերպչորեն կազմաքանդելու` նրան արտաքին աշխարհից մեկուսացնելու, ճգնաժամը լոկալացնելու և հանգուցալուծելու տարբերակ: Ժիրայր Սէֆիլեանի երկու ամենավստահելի մարդիկ`Պավել Մանուկյանն ու Ալեք Ենիգոմշյանը ձերբակալված են: Առաջինն անմիջականորեն ղեկավարում էր զինված խումբը, երկրորդն առանցքային դերակատարություն ուներ Սէֆիլեան -«Սասնա ծռեր»- հասարակություն կապի ապահովման գործում: Իշխանությունները թերևս համարում են, որ զինված խմբի հարցերն ինքնին կլուծվեն առաջիկա օրերին: Ընդ որում, Սերժ Սարգսյանի շրջապատը վստահ է, որ դա տեղի է ունենալու խաղաղ ճանապարհով

 

«Նոր զոհեր մենք չպետք է ունենանք», ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Սա կարելի է համարել իշխանության պաշտոնական տեսակետ ու պատահական չէ, որ երեկ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հայտարարություններով հանդես չեն եկել ու աչքի չեն ընկել կտրուկ գործողություններով: Նոսրացել են նաև զինված խմբին աջակցող քաղաքացիների շարքերը: Նրանք այլևս Խորենացի փողոցում հավաքվելու ռեսուրս չունեն: Ազատության հրապարակի երեկվա հանրահավաքն աննպատակ էր ասելիքի ու անելիքի առումով: Անձրևը խանգարեց, որպեսզի ցուցարարների փոքր խումբը շարժվի դեպի Բաղրամյան փողոց, թեև հասկանալի չէր, թե երեկոյան ուշ ժամին նրանք ինչ էին անելու այդ փողոցում:

 

Ընդդիմադիրների երեկվա հռետորաբանությունը նույնպես ավելի չափավոր էր: Օրինակ, Ժառանգություն կուսակցության գլխավոր պահանջը ոչ թե հրաժարականներն էին, այլ` իշխանության և զինյալների բանակցությունների վերսկսումը: Տա Աստված, որ «Սասնա ծռերի» զինաթափման հարցը առաջիկա օրերին խաղաղ հանգուցալուծում ունենա: Սակայն, չի վերանում այն ճգնաժամը, որը ծնում է «Սասնա ծռեր»:


Ու պատահական չէ, որ վերջին երեք տարում Հայաստանում գործ ունենք արդեն երրորդ խմբի հետ, որն ուղղակի կամ անուղղակի փորձել է հեղափոխություն կամ հեղաշրջում իրականացնել: Տարբեր է Շանթ Հարությունյանի ու իր խմբի և «Սասնա ծռերի» քաղաքական նպատակները, գաղափարական կողմնորոշումները, սակայն նրանք բոլորն էլ փորձել էին իշխանություն փոխել, ընդ որում՝ քաղաքական ոչ ավանդական մեթոդներով, հեղափոխական կոչերով կամ զինված եղանակով:

 

Իշխանությունները պետք է դասեր քաղեն, իրենց քաղաքականության մեջ տեսնեն հասարակության շրջանում արմատականության ու բռնության արմատավորման պատճառները: Երբ երկրում չկա որակյալ կառավարում ու դրան հակադրվող ընդդիմություն, մարդիկ դիմում են իրավիճակի հաղթահարման արմատական անընդունելի միջոցների: Պետք չէ ԸՕ բարեփախման կամ օրինական ընտրությունների անցկացման իմիտացիա ստեղծել, երբ իշխանությունը պայմանավորվում է ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի Ազգային վերածնունդ կուսակցության հետ, դա պետք չէ շփոթել հասարակական համաձայնության հետ, որովհետև ստվերային պայմանավորվածությամբ բոլոր կողմերն իրականում օտարվում են հասարակությունից:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաճախ խոսում է կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի անհրաժեշտության մասին, սակայն նրա ուղերձները իմիտացիոն են և ուղղված են ոչ թե մեր հասարակությանն, այլ միջազգային դոնոր կառույցներին: Եթե երկրում մենաշնորհներ իրականում չլինեին ու մարդիկ ռեալիզացվելու հնավորություն ունենային՝ Հայաստանում աղքատների թիվը չէր գերազանցի մեկ միլիոնը: Սարսափելի աղքատության այս ֆոնին 10-15 ընտանիք տիրապետում են ֆինանսական, տնտեսական, քաղաքական ահռելի ռեսուրսների: Անորակ կառավարումը սոցիալական անտանելի բևեռացումը անարդարությունն ու չքավորությունը ծնում են արմատականություն և «Սասնա ծռեր»: Արդյունավետ կառավարման և բարեփոխումների մասին խոսելու փոխարեն անհրաժեշտ է դրանք կյանքի կոչել մանավանդ որևէ մեկի խոսքը այս երկրում վաղուց արժեք չունի:

 

Սարգիս Հակոբյան