Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Լենդրուշ Նազլուխանյանի գործով բերված վերաքննիչ բողոքը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Համլետ Դավթյանի նախագահությամբ հաստատված է գնահատել, որ զինծառայող, ավագ հրաձիգ, կոչումով շարքային Լենդրուշ Նազլուխանյանը 2011 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 8-ը ընդգրկված է եղել մարտական հերթապահության մեջ:
Սեպտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 5-ին դիտորդի պարտականությունները ստանձնելու ժամանակ նկատել է, որ դիրքի առույգ հերթափոխ ընդունող շարքային Հայկ Մկրտչյանը հարթակի նստարանին քնել է: Արթնացրել է նրան, նախատել և զգուշացրել, որ չի կարելի դիրքում քնել:
Որոշ ժամանակ անց Նազլուխանյանն ասել է, թե առաջնային գծից ձայն է լսել: Նա լիցքավորել է իր ինքնաձիգը և շարքային Խուրշուդյանի հետ գնացել ստուգելու:
Ժամը 6-ի սահմաններում վերադառնալով՝ զենքի ապահովիչը դրել է «կրակահերթ» դիրքում, ինքնաձիգի փողը դեպի ներքև ուղղած՝ կանգնել հարթակի մուտքի մոտ և, շարքայիններ Խուրշուդյանի ու Սահակյանի ներկայությամբ դիմելով Հայկ Մկրտչյանին, քնելու կապակցությամբ նորից վիճել է, խախտել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, իրենց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, անպարկեշտ կերպով ստորացնելով Մկրտչյանի պատիվն ու արժանապատվությունը, հայհոյել է դիրքում քնողի հասցեին:
Մկրտչյանը հակադարձել է հայհոյանքը, ինչի պատճառով Նազլուխանյանը ցանկացել է վրեժխնդիր լինել ու Մկրտչյանին սպանելու դիտավորությամբ, Խուրշուդյանի ու Սահակյանի կյանքի համար վտանգավոր եղանակով իրեն ամրակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել և սպանել Հայկ Մկրտչյանին, իսկ Խուրշուդյանի առողջությանը անզգուշությամբ պատճառել թեթև վնաս:
Լենդրուշ Նազլուխանյանն ընդհանուր իրավասության դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ Մկրտչյանին սպանելու դիտավորություն չի ունեցել, կրակահերթն արձակել է անզգուշությամբ՝ ոտքը սայթաքելու պատճառով:
Նախաքննության ընթացքում Նազլուխանյանը ներկայացրել է, որ իր ու Մկրտչյանի միջև վիճաբանություն է եղել, քանի որ ինքը դիտողություն է արել Հայկին դիրքում քնելու համար ու ասել է՝ դիրքում քնողի հասցեին խլեշի հայհոյանք են անում:
Մկրտչյանը հակադարձել է հայհոյանքը, ինքը զայրացել է ու նրան վախեցնելու համար կրակահերթ է արձակել: Քանի որ կրակոցներն իր ոտքերի մոտ են ստացվել, աջ ձեռքով զենքի փողը բարձրացրել է վերև: Այդ ընթացքում լսել է Մկրտչյանի ձայնը. «Վախ, մամա ջան մեռա»: Անմիջապես դադարեցրել է կրակը, փակել զենքի ապահովիչը և մոտեցել, որ օգնություն ցույց տա ընկած Մկրտչյանին:
Ընդհանուր իրավասության դատարանը Լենդրուշ Նազլուխանյանին մեղավոր է ճանաչել դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած սպանության և զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար:
Մեղադրողը միջնորդել է նրան դատապարտել 20 տարի ազատազրկման: Դատարանը, որպես վերջնական պատիժ, սահմանել է 18 տարի ազատազրկում:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Նազլուխանյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Վերաքննիչ քրեական դատարանում նա հիմնավորեց իր բերած բողոքը:
Պաշտպանը նշեց, որ Նազլուխանյանը դեպքի օրը ընդհանրապես չի վիճաբանել Մկրտչյանի հետ, նրան դիտողություն չի արել, հայհոյանքներ ևս չեն հնչել: Նազլուխանյանը չի ցանկացել սպանել Մկրտչյանին: Զենքը լիցքավորել է, որովհետև առաջնային գծում ինչ-որ ձայն է լսել: Երբ ստուգել ու վերադարձել է, չի հասցրել լիցքաթափել զենքը, սայթաքել է, մատը սեղմել է ձգանին, և կրակահերթ է հնչել:
Պաշտպանը, Նազլուխանյանի արարքի անզգույշ լինելը հաստատեց նաև... Շանթ» հեռուստաընկերության հաղորդած տեղեկատվությունը վկայակոչելով: Ըստ պաշտպանի՝ հեռուստաեթերից հաղորդել էին, թե զինծառայող Նազլուխանյանը կրակահերթն արձակել է... անզգուշաբար: Պաշտպանը նշեց նաև, որ հեռուստաընկերությունը չի արձագանքել տեղեկատվության տեսագրությունը տրամադրելու՝ իր դիմումին: Թե իրավական տեսակետից ինչով պիտի Նազլուխանյանին օգներ այդ տեսագրությունը, եթե անգամ այն լիներ, պաշտպանը չմանրամասնեց:
Ըստ պաշտպանի՝ Նազլուխանյանին առաջադրված ու ընդհանուր իրավասության դատարանի կողմից հաստատված ծանր մեղադրանքը հիմնված է ենթադրությունների վրա, խախտվել են անմեղության կանխավարկածի սկզբունքները և իր պաշտպանյալի իրավունքները, մեկուսարանում նրա նկատմամբ հոգեբանական ճնշում է գործադրվել:
Դատարանը չի կարողացել ապահովել վկա Սահակյանի ներկայությունը, չի հարցաքննել նրան և բավարարվել է նախաքննական ցուցմունքների հրապարակմամբ, մինչդեռ շարքային Սահակյանը ներկա է եղել կրակոցների պահին ու կարող է իր ցուցմունքներով նպաստել գործի օբյեկտիվ քննությանը:
Միևնույն ժամանակ պաշտպանը, բացի արարքը վերաորակելու խնդրանքից, երկրորդ խնդրանք էլ էր ներկայացրել իր բողոքում. եթե դատարանը հիմնավորված կհամարի առաջադրված մեղադրանքները, ապա թող անդրադառնա սահմանված պատժի խստությանը, մեղմացնի այն՝ հաշվի առնելով, որ Նազլուխանյանը միակողմանի ծնողազուրկ է, հիվանդություններ ունի, մայրը վատառողջ է, իսկ ինքը՝ բնակության վայրում դրականորեն բնութագրվող, նախկինում չարատավորված երիտասարդ:
Լենդրուշ Նազլուխանյանը դեպքերի ընթացքը ևս մեկ անգամ ներկայացրեց՝ փորձելով հիմնավորել, որ կրակահերթն արձակել է անզգուշաբար, Հայկ Մկրտչյանի հետ չի վիճաբանել, ոչ մի հայհոյանք որևէ մեկը չի հնչեցրել:
«Ես էլ Հայկոյի նման շարքային էի, ես նրան դիտողություն չեմ արել»,- ասաց ամբաստանյալը:
Մեղադրող Սարդարյանն առարկեց պաշտպանական կողմի բողոքի դեմ, նշեց, որ վկա Սահակյանը նախաքննության ժամանակ հարցաքննվել է, հարցաքննվել է Նազլուխանյանի հետ առերես, մասնակցել է քննչական փորձարարությանը: Ընդհանուր իրավասության դատարանը բոլոր միջոցները ձեռնարկել է նրան դատարան բերելու համար, կայացրել է բերման ենթարկելու որոշումներ, բայց պատասխան է ստացվել, որ Սահակյանը Հայաստանում չէ:
Մեղադրողը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը պատճառաբանված ու հիմնավորված է ինչպես արարքի որակման, այնպես էլ սահմանված պատժի առումով:
Ծառայության վայրից Նազլուխանյանին տրված բնութագիրը բացասական է, իսկ այն որ նա երիտասարդ է, նախկինում չարատավորված, ապա բանակում հիմնականում բոլորն էլ երիտասարդ են ու նախկինում չարատավորված:
Տուժողի իրավահաջորդը՝ Հայկ Մկրտչյանի մայրը, նույնպես առարկեց բողոքի դեմ, խնդրեց, որ պատժաչափը չփոփոխվի: «Թող վերադարձնի իմ տղային, այն ժամանակ ես չեմ առարկի»,- ասաց տուժողի իրավահաջորդը, իսկ դատարանը նրան հորդորեց իրական պահանջներ ներկայացնել:
Պաշտպանը միջնորդեց վերաքննության կարգի անցնել, դատարան հրավիրել վկա Սահակյանին, ինչպես նաև մեկուսարանի բուժմասից տեղեկանք պահանջել Նազլուխանյանի առողջական վիճակի վերաբերյալ: Ըստ պաշտպանի՝ իր հարցումները այդ ուղղությամբ մնացել էին անպատասխան:
Վերաքննիչ դատարանը պաշտպանի միջնորդությունները բավարարեց մասնակիորեն:
Մերժեց վկա Սահակյանին դատարան հրավիրելու միջնորդությունը՝ արձանագրելով, որ ընդհանուր իրավասության դատարանը ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները՝ այդ վկային դատարանում հարցաքննելու համար, սակայն պատասխան է ստացվել, որ նա բացակայում է հանրապետությունից:
Այդ վկան նախաքննության ընթացքում հարցաքննվել է, ամբաստանյալին առերես պնդել իր ցուցմունքները, մասնակցել քննչական փորձարարությանը:
Վերաքննիչ դատարանը ժամանակ տրամադրեց պաշտպանին, որ ևս մեկ անգամ հարցում կատարի ու փաստաթղթեր ներկայացնի իր պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ին:
Լուսանկարը՝ emedia.am-ի