Հայաստանի նորանկախ պատմության մեջ՝ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացվող31-րդ Օլիմպիական խաղերը, հիրավի, բացառիկ կարելի է համարել: Երկար ընդմիջումից հետո վերջապես հայ ժողովրդի արժանի զավակ Արթուր Ալեքսանյանը մեր երկրին կարողացավ պարգևել երկար սպասված ոսկին, ինչի շնորհիվ Հայաստանը ներկայացնող օլիմպիականները հայտնվեցին լավագույն 35 երկրի ցանկում՝ անասելի ուրախություն պարգևելով մեզ բոլորիս:
Ինչ խոսք՝ մեր մյուս մարզիկների՝ Միհրան Հարությունյանի, Գոռ Մինասյանի, Սիմոն Մարտիրոսյանի նվաճած արծաթե մեդալները ևս իրենց կարևորագույն դերն ունեցան Հայաստանի հրաշալի առաջընթացի գործում, աշխարհին ապացուցելով, որ հայ մարզիկի բազկի ուժը շարունակում է անգերազանցելի մնալ: Բայց կարծում եմ՝ բոլորին էլ միանգամայն պարզ է, որ այս հաղթանակներն իրականություն չէին դառնա, եթե դրանց հետևում չլիներ այն հսկայական աշխատանքը, որն իրականացվել է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի կողմից՝ հայրենական սպորտի ղեկավար Գագիկ Ծառուկյանի աչալուրջ հետևողականության ու սրտացավ վերաբերմունքի, ինչպես նաև մեր մարզիկների նկատմամբ իր ունեցած անկեղծ հավատի շնորհիվ:
Պետք չէ մոռանալ, որ հենց Ծառուկյանի՝ հայ մարզիկների նկատմամբ ցուցաբերած ուշադրության շնորհիվ է, որ այժմ ազգովի ցնծում ենք՝ պարզերես դառնալով աշխարհի առաջ: Ծառուկյանի կատարած հսկայական ներդրումների արդյունքում է, որ Հայաստանն ունեցավ այնպիսի մարզիկներ, որոնք ի վիճակի եղան համաշխարհային սպորտի կարևորագույն այս բեմահարթակում բարձր պահել մեր երկրի պատիվն ու բոլորին ապացուցել, որ Հայաստանը նույնպես կրողն է լավագույն սպորտային ավանդույթների ու արժանի՝ կանգնելու հզորագույն երկրների կողքին:
Առանց այդ հսկայական ներդրումների, միլիոնավոր դոլարների հասնող նվիրատվությունների, որ վերջին տարիներին Գագիկ Ծառուկյանը կատարել է հայկական սպորտում, անկասկած, պարզապես անհնար կդառնար Հայաստանի ներկայիս հաղթանակը, անիրագործելի կմնային մեր նպատակները: Ոչ ոք չի կարող հերքել այն փաստը, որ հատկապես ուժային սպորտաձևերում մեր երկրի՝ վերջին տարիների ունեցած ձեռքբերումներն ուղիղ կերպով կապված են Գագիկ Ծառուկյանի անվան հետ, և որ դրանք արդյունքներն են նաև մանրակրկիտ մշակված քաղաքականության և մեծ ծրագրի:
Կեցցե՛ք տղերք, այսօր ձեզանով հպարտանում է ամբողջ հայությունն ու հավատում մեր ապագա ձեռբերումներին, որոնք, անկասկած, արդյունք են լինելու համակարգված ու լավ մտածված քաղաքականության, սպորտի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի:
Արամ Հակոբյան