Հիշում ե՞ք ապրիլի սկիզբը։ Արյունոտ ու ցավոտ սկիզբը...
Մի քանի ժամ էր պետք հասկանալու համար, որ մենք պատրաստ չենք այդ պարտադրված պատերազմին։ Մի քանի ժամ էր պետք, որ համայն հայությունը ոտքի կանգնի՝ կամավոր զենքը վերցնի, կամավոր գումար ուղարկի, կամավոր.. կամավոր...
Ապրիլի 4-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հատուկ հաշվեհամար բացեց: Քայլի նպատակն էր՝ հնարավորություն տալ, որ բոլոր ցանկացողները կարողանան ուղիղ դրամական օժանդակություն ցուցաբերել Արցախին: Մինչ օրս հատուկ հաշվեհամարում կուտակվել է ավելի քան 4 միլիարդ դրամ։
Վերջին օրերին Արցախում են եղել մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ և տեղում ծանոթացել, թե ինչի վրա են ծախսվել գումարները եւ ինչպես:
Թեմայի վերաբերյալ մեծ հոդված ներկայացրեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով այդ խմբի անդամն էր։
Կարդում եմ հոդվածը, զրուցում եմ այնտեղ մեկնածների հետ, լսում եմ նրանց ելույթներն ու զարմանում՝ սիրում ենք ավանակի ականջում քնել։
Հսկայածավալ աշխատանք է կատարվում՝ հնարավոր չէ՞ր դա ավելի վաղ անել։
Հնարավոր չէր, հա՞, ավելի շուտ խոսել ու մտածել տեխնիկական հագեցվածության մասին։
Հնարավոր չէր, հա՞, ավելի շուտ խոսել ու մտածել էներգետիկ ճգնաժամի հաղթահարման մասին։
Հնարավոր չէր, հա՞, ավելի շուտ խոսել ու մտածել ջրի խնդրի լուծման մասին։
Հնարավոր չէր, հա՞, ավելի շուտ խոսել ու մտածել...
Շատ կետեր կան, որ կարելի է նշել ու հարցադրումներ անել։
Ասում են՝ միշտ էլ արվել է այս ամենը, հիմա ծավալներն են աճել։
Չեմ հավատում, կներեք, բայց, չէ...
Ու երբ կարդում ես նշված հոդվածը, հասկանում ես, որ ԼՂՀ կառավարության եւ իշխանության, նույնիսկ ԼՂ Պաշտպանության նախարարության հնարավորություններն ու լծակները սահմանափակ են: Կադրային, նյութական, նյութատեխնիկական բազմաթիվ հարցեր լուծվում են ՀՀ մասնակցությամբ:
Լավ, ենթադրենք, որ Հայաստանի մասնակցությամբ էինք հապաղել ու ուշ քայլեր ձեռնարկել։
Խնդիրն այն է, որ այս ընթացքում մենք ոչ միայն տարածք ենք կորցրել, այլև վստահություն։
Այո, բառիս բուն իմաստով պետական շատ ու շատ քայլեր այլևս վստահություն չեն ներշնչում։
Փորձեք վերցնել ու համեմատել տարատեսակ մարաթոններ, որ միտված են եղել այս ու այն խնդրի համար գումար հայթայթելուն։
Տարեց տարի թիվը նվազում է։ Տարեց տարի քիչ գումար է հանգանակվում, սակայն մարդիկ անտարբեր չեն դարձել։
Ճիշտ հակառակը՝ հիմա մարդիկ ավելի հետամուտ են, որ իրենց գումարները նպատակին ծառայեն և այդ է պատճառը, որ, այլևս չվստահելով առաջին դեմքերին, փորձում են սեփական նախաձեռնությամբ փողը հասցնել հասցեատիրոջը։
Համացանցում հարյուրավոր գրառումներ կան, որոնք հագեցած են օրինակներով, թե ինչպես են մսխվում պետական փողերն ու հարստահարում որևէ չինովնիկի։
Բա՜:
Էլ ով իր բերանից հացը կկտրի ու ուրիշին կտա։
Անի Սահակյան