ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, կարծես թե միտումնավոր հանդես է գալիս հայտարարություններով, որոնք սկանդալային հետևանքներ ունեն:

 

Խնդիրն այն է, սակայն, որ այս հայտարարությունները վաղուց նոր կողմնակիցների չեն գրավում` նվազեցնելով Թրամփի վարկանիշը: 


«Մենք մեծ պատ ենք կառուցելու, դրա համար վճարելու է Մեքսիկան: Մարդիկ չեն կարողանա թունելներով հասնել մեր երկիր: Մենք ունենք անհրաժեշտ տեխնոլոգիաները, թմրանյութերն այլևս չեն ներմուծվի և չեն թունավորի մեր երիտասարդներին և բոլորիս»,- ասել է միլիարդատեր թեկնածուն` խոստանալով երկրից վտարել բոլոր «վատ տղաներին»:


Կարծես թե Թրամփն անկեղծորեն փորձում է պայքարել թմրամիջոցների դեմ, սակայն նրա խոսքի էպոտաժությունը ստվերել է այդ թեման: Հիլարի Քլինթոնն իր մրցակցին անվանել է ռասիստ,ով «հանրապետական կուսակցության ներսում ստեղծել է հրեատյացության և սպիտակամորթների գերակայության հայացքներ դավանողների արմատական խմբակ»:

 

Պատահական չէ, որ ազգային փոքրամասնությունների, հատկապես աֆրոամերիկացիների շրջանում, Թրամփի վարկանիշը չափազանց ցածր է: Սևամորթների միայն երկու տոկոսն է նրան ցանկանում տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում:

 

Այս պահին նախագահական ընտրարշավի ֆավորիտը համարվում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը:


Ֆավորիտությունն արտացոլվում է նաև ֆինանսական ծախսերում: Հուլիս ամսին Թրամփի շտաբը ծախսել է 18.5 միլիոն դոլար, նախկին պետքարտուղարի թիմը՝ 38 միլիոն դոլար:


Եթե Քլինթոնի շտաբում հաստիքային ախատողների թիվը 700 է, ապա նրա մրցակցի տրամադրության տակ գտնվող մշտական աշխատողների թիվը տասն անգամ պակաս է:

 

Սակայն, ընտրարշավի ֆավորիտ համարվող Հիլարի Քլինթոնը նույնպես ունի խոցելի կողմեր: Ինչի հետևանքով անխնա քննադատվում է մրցակցի և մամուլի կողմից:

 

Օրինակ, Քլինթոնների ընտանիքի բարեգործական հիմնադրամը գումարներ է ստանում մի շարք երկրներից, որոնց քաղաքականությունը ժամանակին պետքարտուղարի պաշտոնում անխնա քննադատել է Քլինթոնը: Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Քաթարը, Քուվեյթը, Օմանը, Տրունեյը, Ալժիրը, որտեղ ոտնահարվում է մարդու իրավունքներն ու ազատությունները, տասնյակ միլիոնավոր դոլարներ են փոխանցել Քլինթոնների հիմնադրամին:


Հայտնի է դարձել նաև, որ դեմոկրատական կուսակցության թեկնածուի օգնականներից մեկը` Հումա Աբետինը, ավելի քան տաս տարի թղթակցել է իլամական արմատական պարբերականի:


Փոխադարձ մեղադրանքների այս ֆոնին պատահական չէ, որ ամերիկացիների 57 %-ը նախագահի պաշտոնում չի ուզում տեսնել ոչ Դոնալդ Թրամփին և ոչ էլ` Հիլարի Քլինթոնին:


Նման տվյալներ է հրապարակում «Վաշինգտոն Փոստ» հեղինակավոր օրաթերթը:

 

Մեզ մնում է հավելել, որ նախագահական ընթացիկ ընտրարշավն ունի ևս մեկ առանձնահատկություն. դա ամերիկացիների հակակրանքն է երկու հիմնական թեկնածուների հանդեպ:

 

Սարգիս Հակոբյան