Երեկ հայտնի դարձավ, որ օգոստոսի 26-ի երեկոյան Երևանի Զվարթնոց օդանավակայանում աղմկահարույց ձերբակալություն է տեղի ունեցել:


Մեր իրավապահները ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին՝ ԱՄՆ-ի պահանջով: 30-ամյա Միրոնովը, ով ռուս-բելառուսական մի ընկերության վիդեոտեխնոլոգիաների բաժնի ղեկավարն է, որոնվում էր ԱՄՆ-ի իշխանությունների կողմից՝ մեղադրվելով 50.000 դոլարի հասնող փողերի լվացման և զենքի առևտրով զբաղվելու մեջ:

 

Հանգստանալու փոխարեն Ռուսաստանի քաղաքացին այժմ գտնվում է ԱԱԾ մեկուսարանում և սպասում է ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ դատարանի որոշմանը:


Այս զուտ իրավական պատմության և ընթացակարգի մեջ կարևոր մի քաղաքական բաղադրիչ կա: Դա այն է, որ Հայաստանի իշխանությունները համարձակվել են խախտել Ռուսաստանի քաղաքացու մեզ համար անձեռնմխելի թվացող կարգավիճակը՝ ամերիկյան կողմի պահանջով, կամ դիմումի հիման վրա:


Թեև պատոնական Վաշինգտոնը, Մոսկվան և Երևանն առայժմ զերծ են որևէ մեկնաբանությունից և թերևս միայն հայտնի է, որ արտահանձման վերաբերյալ դատական նիստը կայանալու է, ամենայն հավանականությամբ, այսօր, բայց արդեն իսկական քարոզչական հիստերիա է տիրում ռուսական մեդիա և քաղաքական շրջանակներում:

 

Հարցազրույցներով հանդես են գալիս ռուսաստանցի փորձագետներ, իրավաբաններ, անգամ պատգամավորներ, ովքեր ճգնում են հանրային կարծիք ձևավորել, թե Միրոնովը ձերբակալվել է իրավական ընթացակարգերի խախտումներով:

 

Հնչած կարծիքներում «կարմիր թելի» նման շրջանառվում էր ամերիկյան հերթական «դավադրության» թեզը և խորիմաստ կերպով կասկածի տակ է առնվում Հայաստանի իրավապահների և իշխանությունների գործողությունների իրավական, քաղաքական լեգիտիմությունը:


Ինձ հասու դարձած տեսակետներից ամենաուշագրավը պատկանում է ՌԴ դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչին: Նա, կարծես թե, հանրագումարի է բերել և  ամբողջացրել այդ խնդրում ռուսական քաղաքական-փորձագիտական շրջանակների դիրքորոշումը, ասելով, որ պահանջելով Միրոնովի էքստրադիցիան` Վաշինգտոնը փորձում է «քար գցել» Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վրա:


Կլինցևիչի շուրթերով խսում է ռուսական էլիտան` Հայաստանին հասկացնելով, որ հարկ է առաջնորդվել ոչ թե իրավական ընթացակարգով և միջազգային պարտավորություններով, այլ` քաղաքական նպատակահարմարության սկզբունքով:

 

Սա է Հայաստանին պարտադրվող ռուսական արժեհամակարգը, որը ենթադրում է նույնիսկ հանցագործ յուրայինին պաշտպանել օտարի արդարադատությունից:

 

Հայաստանը կանգնած է երկընտրանքի առաջ՝ ապացուցել իր ինքնիշխանությունը և նվիրվածությունը միջազգային պարտավորություններին, կամ տրվել ռուսական ճնշմանը՝ ստորացման ու անհասկանալի քաղաքական դիվիդենտների դիմաց:

 

Մեկ անգամ անհրաժեշտ է հաստատուն մերժել Մոսկվայի պահանջը: Դա գուցե ինչ-որ ճնշումների հանգեցնի, սակայն կխթանի լուրջ բանավեճի կայացման՝ հայ-ռուսական այսօրվա հարաբերությունները վերանայելու հրամայականով:

 

Սարգիս Հակոբյան