Այն, որ Կառավարության հրաժարականից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվել, փաստ է։ Կարեն Կարապետյանի նշանակումով ամբողջ լրատվական դաշտը սկսեց գրել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն։ Դա են վկայում նրա մերձավոր շրջապատի մարդկանց նշանակումները կամ սպասվող նշանակումները։ Ճիշտ է՝ Քոչարյանի գրասենյակը հերքում է այդ լուրը, սակայն իրադարձությունների զարգացման ընթացքը հենց դա է ցույց տալիս։

 

Ասվածը հիմնավորենք փաստերով։ Այսօր Կարեն Կարապետյանը՝ որպես վարչապետ, առաջին անգամ գնաց Ազգային ժողով։

 

Իհարկե, ուշագրավը նրա այցը չէ, այլ այն, թե ովքեր էին Կարապետյանին շրջապատում և ուղեկցում։ Armlur.am-ի հրապարակած լուսանկարում Կարապետյանի անվտանգությունը ղեկավարում է ԱԱԾ փոխգնդապետ, Ռոբերտ Քոչարյանի մերձավոր, հայտնի կինոռեժիսոր և դերասան Գոռ Վարդանյանի եղբայր Հայկ Վարդանյանը (լուսանկարում՝ օղակի մեջ)։

 

 

 

Սրանից հետևում է, որ Կարեն Կարապետյանն անվտանգության ապահովման հարցում չի վստահել Հովիկ Աբրահամյանի անվտանգությունն ապահովողներին և իր հետ բերել է Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի մարդկանց։

 

Հայկ Վարդանյանը «Դուքենդո կարատե» ֆեդերացիայի նախագահն է, ինչպես նաև ԱԱԾ անվտանգության ծառայության մասնագետ է, դա երևում է նրա համազգեստին փակցված ԱԱԾ տարբերանշանից։ Սակայն, համացանցում չկա տեղեկատվություն այն մասին, թե Հայկ Վարդանյանն ինչ կոչում ունի։

 

Հավելենք, որ Գոռ Վարդանյանը երբեք չի թաքցրել իր համակրանքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ «Ես սպասում և հավատում եմ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, այդ մասին միշտ ասել եմ տարբեր հարցազրույցների ժամանակ: Երբեք չեմ թաքցրել իմ կարծիքը, չեմ վախեցել ոչ մեկից և հավատում եմ խոսքի ազատության վերաբերյալ գործող նախագահի դիրքորոշմանը»,- դեռևս 2013 թվականին նման հայտարարություն է արել Գոռ Վարդանյանը։ Վերջինս 1993թ. աշխատել է ՀՀ նախագահի անվտանգության ծառայությունում։

 

Քրիստինա Աղալարյան