Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանի տեղեկացմամբ՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանում այսօր շրջանառվում է գրիպի H1N1, H2N3 B ենթատեսակները, որոնք ոչ մի առանձնահատկություն չունեն, իրենցից ոչ մի վտանգ չեն ներկայացնում, ունեն ախտանշանների նույն դրսևորումները՝ ջերմություն, թուլություն, ինքնազգացողության վատացում, երբեմն նաև քթից արտադրություն: Սակայն մասնագետը խորհուրդ տվեց առաջին հերթին խուճապի չմատնվել, նշված ախտանիշների դեպքում դիմել բժշկի, անհարկի հակաբորբոքայիններ չօգտագործել, մաքուր օդում շատ զբոսնել, հաճախակի օդափոխել փակ տարածությունները և հագնվել եղանակին համահունչ:
«Բացարձակապես կախված չէ, թե գրիպի որ ենթատեսակն է, քանի որ փոխանցման ուղիները նույնն են, գրիպն այս սեզոնին բնորոշ է: Ներկայում հիվանդության առումով որևէ անհանգստացնող իրավիճակ բացարձակ չկա, բայց, անկախ ամեն ինչից, պետք է լինել զգոն և նշված յուրաքանչյուր ախտանշանի դեպքում պետք է ընդունել հակաբորբոքայիններ և դիմել բժշկական օգնության»,- Tert.am-ին ասաց նա:
Վերջինիս տեղեկացմամբ՝ նախարարության կողմից խստացվել են բոլոր հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումները, և դա արվել է՝ ելնելով գրիպի սեզոնայնությունից: «Այսօր հանրապետությունում մշտադիտարկում է անցկացվում, և դրա արդյունքում սուր շնչառական վարակների առումով բարձրացում չունենք, հիվանդացության աշխուժացում չունենք»,- հավելեց նա՝ նշելով, որ ներկայում ոչ միայն մեր հանրապետությունում է դա շրջանառվում, այլ նաև եվրոպական տարածաշրջանի այլ երկրներում: Նա նաև հայտնեց, որ այսօր բժշկական օգնության կազմակերպություններն ունեն բավարար չափով անհրաժեշտ պրեպարատներ, որոնք ցուցման դեպքում անվճար կտարմադրվեն հանրությանը, և պոլիկլինիկաներում հիվանդը կարող է ստանալ սահմանված չափաբաժինը:
Մասնագետի խոսքով՝ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է պատասխանում վիրուսին, և եթե կան ուղեկցվող հիվանդություններ, ինքնաբուժությամբ, առհասարակ, պետք է չզբաղվել, քանի որ բարդություններ կարող են առաջանալ բոլոր տեսակի վիրուսներից: