Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի որդու՝ Հրանտ Բեգլարյանի հարսանեկան արարողությունը։ Պսակադրությունը տեղի էր ունեցել Սուրբ Գայանե եկեղեցում։
ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ հարսանեկան խնջույքին ներկա է եղել մոտ 700 հոգի, քաղաքական ողջ էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ներկաների թվում է եղել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահականը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և այլք։
Ուշագրավ էր, որ հարսանիքին ներկա էր նաև հայտնի Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն և շատ ու շատ այլ հեղինակավոր մարդիկ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից։ Ի դեպ՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Գագիկ Բեգլարյանը բավական ջերմ ու անկեղծ մթնոլորտում շփվում էին միմյանց հետ։
Ներկաների աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ խնջույքին ներկա չի եղել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
Հարսանիքի կնքահայրը ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանն է, հարսնացուն՝ Բեգլարյանի մանկության ընկերոջ դուստրը։
Պետք է նշել, որ սա քաղաքական էլիտայի այն եզակի հարսանիքներից էր, որտեղ Սերժ Սարգսյանը գրեթե մինչև վերջ ներկա է գտնվել։ Նա սովորաբար հարսանիքների սրահը ժամը 21։00-ին լքում է։ Ներկաներից տեղեկացանք, որ հարսանեկան արարողությունը բավական շքեղ ու ճաշակով է եղել։ Հարսանեկան շոուն վարել է հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանը։ Իրենց երգերով բարձր տրամադրություն են ապահովել Արման Հովհաննիսյանը, Զարուհի Բաբայանը, Արամեն, Ինգա և Անուշ Արշակյանները, Քրիստինե Պեպելյանը, Սոսո Պավլիաշվիլին և այլք։
Տեսանյութը՝ ԼՈՒՐԵՐ.com-ի
Լուսանկարը՝ hraparak.am-ի