Վարչապետ Կարեն Կարապետյանն իր կարճ հարցազրույցում ասել էր, թե ոչ մի հաջող բիզնես չի խլվի: Կառավարության ղեկավարի ասածն այն էր, որ սեփականությունն օրինական գործելու դեպքում պաշտպանված կլինի ոտնձգություններից: Թվում է՝ Կարապետյանն անվիճարկելի ճշմարտություններ է ասել, բայց նրա մի ակնարկը, թե նախկինում հոռի երևույթներ են եղել, ափերից հանել է հանրապետականներին: Մեծ ու փոքր հարցազրույցներ եղան, որոնց հանրապետական հեղինակները, հենց իրենք՝ խոշոր սեփականտերերը, երդվում էին, որ երբեք ոչ իրենք են խլել, ոչ իրենցից են խլել:

 

Իրականությունը միանգամայն տարբեր է ու դա հրաշալի գիտեն մեր ընթերցողները: Հայաստանում իշխանությունն ու բիզնեսն այնքան սերտաճած են, որ գրեթե նույնանում են: Բարձրաստիճան պաշտոնյան շատ շուտ հարստանում է՝ որևէ մեկի բիզնեսի «տանիք» և  «փայատեր» դառնալով, խոշոր գործարարը սերտաճում է իշխանության հետ՝ մոնոպոլ դիրքեր նվաճելու և մրցակիցներին չեզոքացնելու նպատակով: 

 

Եթե այս ամենը բիզնես խլել չէ, ապա ո՞րն է բիզնես խլելը: Վարչապետի ասածներից զարմացածների թվում էր նաև հայտնի օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

 

Ճակատագրի բերումով, սակայն, նա այս օրերին հրավիրվել է ՀՔԾ և այնտեղ հարցաքննվել է: Թարսի պես՝ բիզնես խլելու հարցով: Ալեքսանյանի երբեմնի «աջերից» մեկը՝ Ձկնկուլ մականունով Արմեն Իսրաելյանը, թերթերից մեկին ու, հավանաբար նաև ՀՔԾ-ին, պատմել է, թե ինչպես է իր նախկին ամենակարող «բոսսն» իրեն առևանգել, խլել բիզնեսները:


Որևէ մեկն այսօր չի էլ սպասում, որ ՀՔԾ-ում ընթացք կտան Ձկնկուլի բողոքին: Նման բան լինել չի կարող, որովհետև երկրի դրվածքն է այդպիսին: Նույն Ձկնկուլն ամեն ինչի տեր էր, երբ Սամոյի հետ էր:Հիմա նա ունեզուրկ է՝ Ալեքսանյանի հետ գժտված լինելու պատճառով: Հենց նույն Ալեքսանյանը խոշոր մոնոպոլիստ է, որովհետև ծառայում է իշխանություններին: Խաչատուր Սուքիասյանը կորցրեց Բջնին, որովհետև հայաստանյան «պանյատյայով» 2008-ին հայտնվել էր «սխալ տեղում»՝ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում:

 

Կարեն Կարապետյանը գուցե համեստություն է արել կամ չի խիզախել և չի թվարկել այս դեպքերը: Մի խոսքով՝ կարճ է կապել: Բայց նույնիսկ նրա փոքրիկ ակնարկը հունից հանել է հանրապետականներին, որոնք անձեռմխելի են համարում «խլելու» իրենց իրավունքը՝ արգելված համարելով դրա մասին անգամ հիշատակումը:

 

Սարգիս Հակոբյան