Այսօր Ազգային ժողովում քվերակության դրվեց կառավարության կողմից ներկայացված ՀՀ Հարկային օրենսգրքի նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Նկատենք, որ երեկ հարցը քննարկվում էր գրեթե դատարկ դահլիճում:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր ելույթում հիշեցրեց, այդ հանգամանքը, մինչդեռ քննարկվող հարցը կարևոր է:
«Ձևավորվել է նոր կառավարություն, բայց մենք այսօր էլ աշխատում ենք հին ոճով և վստահ եմ, որ մեր պատգամավորները նույնիսկ չեն էլ հասցրել կարդալ: Ստացվում է այնպես, որ մենք կանգնել ենք կոտրած հին տաշտակի առաջ, բայց միևնույն է ձեռագիրը չենք փոխում: Նման հարկային փոփոխություններին մեր խմբակցությունը դեմ է քվերակելու»:
«ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ ստեղծվում է շատ կարևոր համակարգ, որը հնարավոր է ուղղորդող լինի, հետևաբար նման պայմաններում քննարկված հարցին ինքը չի կարող կողմ քվեարկել: «Հստակ է, որ այս փաթեթն ընդունում ենք, որովհետև ստիպված ենք: Արդեն քաղաքական խոսք է դարձել՝ գիտեք մենք քվեարկում ենք, որովհետև պատասխանատու ենք, պետք է խաղի կանոնները փոխել»:
Պատգամավորների ելույթներից արդեն ձանձրացած Գալուստ Սահակյանն էլ, իր հերթին, իբր դիտողություն անելով, քննադատողներին հեգնեց, թե «վերջին մոմենտին» ելույթ ունենալը Խորհրդարանում սովորություն է դարձել, բայց սովորության համաձայն էլ՝ ամեն ինչ իրար խառնեց:
«Վերջին մոմենտն է, երբ բազմաթիվ փոփոխություններ են եղել: Այսօր մտածում են, որ դա ինչ-որ փոփոխություններ են, որոնք նոր են առաջացել, բայց եղածի վրա բավականին լուրջ փոփոխություններ են առաջացել: Անընդհատ և պարբերաբար առաջին ընթերցումից հետո այս հարցը քննարկվելու է»:
Ելույթ ունեցավ նաև ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը. «Խոսելուց առաջ պետք է մեկ-մեկ էլ քաջատեղյակ լինել: Երեք հարյուր առաջարկների գերակշիռ մասն ընդունված է: Հիմնարար փոխվել է Հարկային օրենսգիրքը, և ես քվերակում եմ՝ համոզված լինելով, որ լավ նախագծի եմ քվեարկում»:
ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ իր հերթին դիտողություն արեց քննադատողներին և ընդգծեց, որ քննադատում են հիմնականում այն մարդիկ, ովքեր չեն մասնակցել քննարկումներին: «Մենք մեր ֆրակցիայում բազմիցս քննարկել ենք այս հարցը և եղել են տասնյակ առաջարկներ: Երեկ էլ նիստից առաջ միասին ավելի մանրակրկիտ ենք քննարկել և եկել ենք այն կարծիքին, որ պետք է կողմ քվեարկենք: Մենք դահլիճում նկարվելու համար ելույթներ չենք ունենում և կողմ ենք քվեարկում»,- ասաց նա:
Նախագիծն ընդունվեց 79 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Արմինե Եփրեմյան