ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը վստահեցնում է, որ աշխատելու է բաց, չափազանց թափանցիկ: Այդ մասին Ամիրյանը նշեց կառավարության նիստի մեկնարկից առաջ՝ լրագրողների հետ զրույցում:

 

Պատասխանելով հարցին՝ թե որն է եղել իր առաջին քայլը, երբ իմացել է, որ նշանակվել է նախարար՝ Ամիրյանն ասաց. «Գնեցի մի փունջ վարդեր և եկա տուն: Դուռը զանգեցի՝ կինս բացեց, գրկախառնվեցի և ականջին շշնջացի՝ սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ զգացի թրթիռն իմ գրկում, ասացի՝ հանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին և այն ծառայությանը, որին կոչված եմ»:

 

Արմեն Ամիրյանն ասաց նաև, որ կադրերի փոփոխություն չի պատրաստվում անել: «Ես ձևակերպում եմ խնդիրները և այդ խնդիրների մեջ, եթե կարող են տեղավորվել, ապա կարող եմ աշխատել բոլորի հետ: Եթե չեն տեղավորվի, ինքնաբերաբար այդ մարդիկ կփոխարինվեն այլ աշխատողներով, որովհետև ինձ համար կարևորագույնն այն մշակույթն է և այն խնդիրները, որոնք ձևակերպվելու են մշակույթի զարգացման գործում»,- ասաց Ամիրյանը: