Շատերը կհամաձայնեն այն մտքին, որ հատկապես վերջին շրջանում մեր երկրի քաղաքական դաշտի լիակատար ամայացմանը նպաստող գործոններն ու հանգամանքները բազմաթիվ են՝ սկսած այդպես էլ իրենց լուծումը չստացող սոցիալական գերխնդիրներից, մինչև ընդհանուր բարոյահոգեբանական անկում. ժողովրդի շրջանում գնալով է՛լ ավելի իշխող են դառնում անկումային տրամադրությունները՝ հանգամանք, որ պայմանավորված է, երևի թե, ոչ այնքան բնակչության ընդհանուր կենսամակարդակի՝ տարեցտարի անկում ապրող ցուցանիշներով, որքան՝ երկրում հաստատված անարդարության մթնոլորտով. մարդիկ իրենց խաբված են զգում:

 

Ընդ որում՝ հետաքրքրականն այստեղ այն է, որ հասարակության գերակշիռ հատվածն՝ ավելի քան 80%-ը, իրեն խաբված ու գցված է համարում ոչ միայն իշխանությունների կողմից, այլև, ինչը հատկանշական է, առավելապես «ընդդիմություն»-ից, ընդդիմություն, որը միայն անունով է այդպիսին, այնինչ իրականում նախագահականից իջեցված հրահանգավորումների արդյունք է, միֆ, գոլորշի, ինչի ցայտուն ապացույցներից դարձան վերջին ՏԻՄ ընտրություններն, երբ մարդիկ, զզված ամեն ինչից, ըստ էության, իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ոչ այնքան իշխանությունների, որքան՝ կիսաֆաբրիկատային ընդդիմության դեմ՝ գրողի ծոցն ուղարկելով բոլորին, թե՛ հներին, թե՛ նորերին:


Բայց մինչ իշխանությունն ու ընդդիմությունը փոխպայմանավորված կերպով փորձում են սեփական շահերին ծառայեցնել ազգաբնակչությանն ու, ինչպես ասում են, քաղաքական կապիտալ կուտակել այս կան այն հատվածին մոլորեցնելու գնով, Հայաստանը շարունակում է արագ տեմպերով դատարկվել, ու գաղտնիք չէ, որ արտագաղթի ցուցանիշները տարեցտարի է՛լ ավելի աղետալի են դառնում. արտագաղթը վաղուց վերածվել է ազգային անվտանգության գլոբալ սպառնալիքի: Վիճակագրությունը վկայում է այն մասին, որ տարեցտարի բնակչության շրջանում արտագաղթել ցանկացողների քանակը գնալով ավելանում է:

 

Այսպես՝ սոցիոլոգիական հարցումները փաստում են՝ եթե 2014-ին «եթե ունենայիք հնարավորություն, արդյոք կմեկնեի՞ք Հայաստանից դուրս մշտական բնակության» հարցին դրական պատասխան է տվել հարցված ՀՀ քաղաքացիների 36%-ը, ապա 2015-ին՝ 39%-ը, իսկ արդեն այս տարի՝ 2016-ին՝ 42%-ը։


Հետաքրքիրն էլ այն է, որ արտագաղթել ցանկացողների շրջանում հսկայական է այնպիսիների թիվը, որոնց, գոնե հայաստանյան չափանիշներով, կարելի է համարել քիչ թե շատ կայացած, սոցիալապես առավել կայուն վիճակում գտնվողներ, հանգամանք, որը, սակայն, ոչ մի կերպ չի ազդում մարդկանց որոշման վրա. նրանք էլի ցանկանում են իրենց կյանքը կառուցել Հայաստանի սահմաններից դուրս: Իսկ սա իրողություն է, որը խոսում է հենց վերոհիշյալ անարդարության, երկրում հաստատված համընդհանուր կեցության կանոնների ու նորմերի անկատարության մասին: Վկայում, որ մարդիկ իրենց այստեղ պաշտպանված չեն զգում, չունեն կյանքի տեսլական ու վստահ չեն իրենց սերունդների ապագայի հարցում՝ ի հեճուկս նույն քաղաքական ուժերի կողմից անհամար անգամներ հնչող խոստումների, արդեն ձանձրալի դարձած հավաստիացումների, թե շուտով ամեն բան լավ է լինելու:


Եվ ուրեմն՝ հարց է առաջանում՝ ի՞նչ է այս ամենը նշանակում: Իսկ նշանակել կարող է գեթ մեկ բան՝Հայաստանում հասունացել է հասարակական պահանջարկը լիովին նոր, չվարկաբեկված ու ոչ արհեստածին գործընթացների պրոդուկտ հանդիսացող հասարակական-քաղաքական լայն շարժման, որը ընդունակ կլինի արմատապես վերբեռնելու երկրի հասարական-քաղաքական ողջ դաշտը՝ ստեղծելով մի միջավայր, ուր հասարակության յուրաքանչյուր անդամ կկարողանա առավելագույնս ինքնադրսևորվել, սեփական ունակությունները ծառայեցնել հասարակության շահերին՝ վստահ լինելով, որ այդ ամենի համար զարտուղի ճանապարհներ փնտրելու կարիք չի լինի:


Այլ կերպ ասած՝ հասարկությունը փնտրում է մի ուժ, որը վերջապես կկարողանա երկրում հաստատել արդարության մթնոլորտ, հանդես կգա ոչ թե անիրական հրաշքներ խոստացողի դերում, այլ կստեղծի այն միջավայրը, որից դուրս կգան նրանք, որոնք էլ կռեալիզացնեն իրենց բարի նպատակներն ու կշենանցնեն բոլորիս հայրենիքը. հասարակությունն այլ ելք չունի, քան ամեն բան սկսել նորից, սպիտակ էջից…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ