Արդյոք ովքե՞ր են…
Պատգամավորներ են, ովքեր, նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե, հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում:
Արդեն 4 տարի է, 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու, երևի թե, սրտատրոփ սպասում 2017-ին՝ մեկ էլ տեսար վերընտրվեց, մեկ էլ տեսար…
Քանի որ հաշված ամիսներ են մնացել մինչ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ պատգամավոր առ պատգամավոր ներկայացնելով նրանց անցած ուղին:
ԼՈւՐԵՐ.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արա Արամյանն է:
Ծնվել է 1956թ. մարտի 11-ին Չարենցավանում:
Պահեստազորի լեյտենանտ է:
1978թ. ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը՝ ճարտարագետ-մեխանիկ մասնագիտացմամբ:
1978-1985թթ. Չարենցավանի «Նիիխիտ» գործարանում աշխատել է ճարտարագետ-տեխնոլոգ, մեխանիկական արտադրամասի վարպետ, առաջին արտադրամասի պետ, ոչ ստանդարտ սարքավորումների արտադրամասի պետ, գլխավոր մեխանիկ, 1985-1993թթ.՝ փոխտնօրեն: 1993թ. նշանակվել է «Կայծ» գործարանի տնօրեն, 1996թ.՝ «Կայծ» ՓԲԸ-ի նախագահ: 2003թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Օրինաց երկիր» կուսակցությունից: 2003-2004թթ. եղել է ՀՀ քաղաքաշինության նախարար, 2004-2006թթ.՝ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական, 2006-2012թթ.՝ «Կայծ» ՓԲԸ խորհրդի նախագահ:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Երկրորդ անգամ ԱԺ-ում հայտնված պատգամավորի վերջին տարիների աշխատանքային գործունեությունն առանձնապես աչքի ընկնող չէ, այստեղ լուռ ու մունջ պատկեր է: Իր բազմաթիվ գործընկերների պես, այս պատգամավորը ևս զլացել է գեթ մեկ անգամ հարց տալ, կամ ելույթ հնչեցնել: Փոխարենը՝ ակտիվ է նիստերից բացակայելու հարցում. 100 բացակա ունի:
Շատ պատգամավորների հետ համեմատ՝ պատկերը նույնն է նաև քվերակության ժամանակ՝հիմնականում կողմ է քվերակել:
Իսկ պատգամավորը բացակայելու երևի խիստ «հարգելի» պատճառներ ունի՝ գործարար մարդ է, մեծ փողեր աշխատող, միլիոններ կուտակող… մարդը պարապ չէ ԱԺ-ում նստելու ու կոճակ սեղմելու համար:
Երբ պատգամավորները պաշտոնապես լրացրին 2013 թվականի տարեկան հայտարարագրերը, պարզ դարձավ, որ պարոն Արամյանը ԱԺ 131 պատգամավորներից իր հարստությամբ 10-րդն է:
Այդ տարի պատգամավորը հայտարարգրել էր 20.000.000.0 դրամ, 350.000.0 դոլար, 850.000. եվրո գումար:
Կինը՝ Գայանե Սարգսյանը, ևս պակաս գումար չէր հայտարարագրել՝ 24.000.000.0 դրամ, 570.000.0 դոլար, 590.000. եվրո:
Ինչ խոսք՝ ոչ համեստ կարողության տեր ընտանիք է:
Վերջին տարիներին պատկերը փոխվել է՝ հօգուտ պատգամավորի: Նախորդ տարի ընտանիքի ամուսինը հայտարարագրել է 55.000.000 դրամ, արտարժութային հայտարարագրերը չեն փոխվել, ճիշտ նույն պատկերն է նաև կնոջ դեպքում՝ 55 միլիոն դրամ ու նույնչափ արտարժույթ:
Պարոն պատգամավորը քաղաքական այն կերպարներից է, ով հանուն պաշտոնի սահուն անցում է կատարում մի կուսակցությունից մյուսին:
Երբեմնի հայտնի ՕԵԿ-ական Արամյանը քաղաքաշինության նախարարի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո շտապեց անդամագրվել ԲՀԿ-ին ու «Բարգավաճի» մուշտակով հայտնվեց խորհրդարանում:
Իհարկե, պարոն Արամյանը լավ օրից չէր, որ շտապեց հրաժեշտ տալ ՕԵԿ-ին:
Պատճառներ կային: Ծանր ու արյունոտ պատճառներ...
2004-ին նորաթուխ նախարարը որդու պատճառով աշխատանքից ազատման դիմում գրեց: Այդ տարվա մարտի 12-ին նրա որդին կրակոցներ արձակեց «Տրիումֆ» սրճարանում:
Երբեմնի նախարարի հրաժարականի դիմումն արագ ընդունվեց:
Պատմությունը, երևի թե, նման աղմկալից ավարտ չունենար, եթե միջադեպի պահին հարևանությամբ գտնվող «Առագաստ» սրճարանում չլինեին Հայաստանի եւ Վրաստանի նախագահները:
Ապօրինի պահվող «Մաուզեր» ատրճանակից դիտավորությամբ կրակելու և երեք անձի միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար Հայկ Արամյանը դատապարտվել է 6 տարվա, իսկ սրճարանի անվտանգության ծառայության աշխատակից՝ Արթուր Գեւորգյանը՝ Արամյանին դանակով միջին ծանրության վնասվածք պատճառելու համար, 3,5 տարվա ազատազրկման: Պատիժը, սակայն, ի կատար չածվեց…
Նշանակվեց երեքական տարով փորձաշրջան:
Հարուստների ու պաշտոնյաների մեղքերը հաճախ են ներվում :
Անի Սահակյան