Անցած շաբաթն, ինչ խոսք, բավական լեցուն էր հետաքրքիր իրադարձություններով, որոնց մեծամասնությունն առնչվում էր ներքին կյանքին, բայց հատկապես' ներքաղաքական: Երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցան բաներ, որոնք ևս մեկ ավելորդ անգամ ջրի երես դուրս բերեցին այն բոլոր թերություներն ու բացթողումները, որոնցով վարակված է դաշտը բավական տևական ժամանակ. հասարակությանն այլևս ու վերջնաականորեն պարզ դարձավ, որ այսպես շարունակվելու դեպքում հեռու չեն այն ժամանակներն, երբ հայոց պետականությունը կարող է կանգնել անլուծելի խնդիրների ու արգելքների առաջ՝ ի վիճակի չլինելով հաղթահարել միանգամայն արհեստածին այն խոչընդոտները, որ վաղ թե ուշ ծառանալու են բոլորիս առաջ: Իսկ նման հոռետեսական տրամադրությունների առիթ տվեցին, մասնավորաբար, արդեն պատմություն դարձած ՏԻՄ ընտրությունների վերջնաարդյունքներն ու Վիկտոր Դալլաքյանի՝ քաղաքական ասպարեզ իջնելն, երբ փշրվեց այն՝ տարիներ շարունակ շրջանառության մեջ դրված կեղծ միֆը, թե իբր ժամանակի ընթացքում բոլոր նմանօրինակ խնդիրները լուծելի էին դառնալու, իսկ քաղաքական դաշտն էլ ինքնամաքրվելու էր, ինքնազտվելու:
Բայց, բարեբախտաբար, անցած յոթ օրերն աչքի ընկավ ոչ միայն բացասական իրադարձություններով. արդեն իսկ հաստատապես կարելի է ասել, որ երկար սպասված համազգային համախմբումն ու հասարակության առողջ ուժերի համընդհանուր կոնսոկիդացիայի պրոցեսը մեզանում մտնում է վճռորոշ փուլ, ու «Միասնություն» ազգային համաձայնության շարժումը, որ, ինչպես հայտնի է, հիմնականում բաղկացած է երիտասարդ մտավորականներից ու գործիչներից, առաջիկայում կոնկրետ հայտ է ներկայացնելու՝ մտնելու երկրի հասարակական-քաղաքական կյանք՝ իր վճռական խոսքը հնչեցնելու ու ներազդելու երկրում ընթացող պրոցեսների վրա: Սա հենց այն է, ինչի մասին խոսվում էր բավական տևական ժամանակ, երբ միանգամայն բնական հողի վրա վեր էր բարձրացել քաղաքական սերնդափոխության հարցը՝ խնդիր, որի դերն ու նշանակությունը ոչ մի կերպ չի կարելի թերագնահատել: Ինչ խոսք՝ «Միասնություն» համազգային համաձայնության շարժումն ունի մի հետաքրքիր առանձնահատկություն ևս. այն էլիտար չէ, ու դրանում ընդգրկված երիտասարդ գործիչներից շատերի անունները հասարակության ամենալայն շրջանակներին դեռևս այնքան էլ հայտնի չեն: Սա հանգամանք է, որ ոչ մի կերպ չի կարելի աչքաթող անել, քանի որ խոսում է այն հաստատ իրողության մասին, որ շարժումը ոչ թե արհեստածին է՝ ասենք վերևից թելադրված, այլ՝ միանգամայն ինքնաբուխ՝ միավորելու այն առողջ ուժերին, որոնց համար Հայաստանի ապագայի տեսլականի հարցը լոկ անձնական կարիերայի խնդիր չէ, այլ՝ միանգամայն օբյեկտիվ գործոններով պայմանավորված մտահոգություն, որ մտատանջում է ցանկացածին, ով իրեն իսկական հայրենատեր է համարում:
Փաստ է, որ հասարակության շրջանում տիրող տրամադրություները հիմնականում հուսահատական են, անկումային, ինչի պատճառն այն գիտակցումն է, որ ժողովուրդը չունի, չի տիրապետում այն լծակներին, որոնց միջոցով կկարողանար իր ռեալ մասնակցությունը բերել պետության կառավարման գործում: Ասել կուզի՝ մարդիկ այլևս դադարել են հավատալ Հայաստանում ժողովրդավարության հաստատման հնարավորությանն, ինչն, ինքնաբերաբար, անձեռնմխելի է դարձրել երկրում տիրող այն կարգերը, որոնց պատճառով ժողովուրդը հայտնվել է գրեթե անելանելի վիճակում:
Աներկբա է ու հավելյալ ապացույցների կարիք չի զգում այն ճշմարտությունը, որ եթե հաջողվի ժողովրդի շրջանում վերացնել հուսաբեկությունն ու հավատ ներշնչել սեփական ուժերի նկատմամբ, միանգամայն տեսանելի ապագայում երկրում հնարավոր կդառնա քաղաքական դաշտի վերափոխումն ու այնպիսի վերաձևումը, որ շատերն անգամ չեն էլ պատկերացնում. «Միասնություն» ազգային համաձայնության շարժումը, անկասկած, հանդես է գալու ժողովրդին խորը նիրհից արթնացնողի դերում. ժողովրդի ծոցից դուրս եկածներն ու ճշմարիտ արժեհամակարգ կրողներն են, որ այսուհետ կոչված են լինելու լավագույնս կերտելու Հայաստանի վաղվա օրն ու երկիրը վերադարձնելու անշեղ զարգացման ուղի:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ