ԱԺ-ում շարունակվում են 2017թ.-ի բյուջեի քննարկման աշխատանքները: Քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց, թե հնարավորություններ տեսնո՞ւմ են ԼՂՀ-ին ուղղված բյուջետային հատկացումներն ավելացնելու համար, որին ի պատասխան՝ նախարարն արձագանքեց, թե իրենք փորձելու են ՀՀԿ ֆրակցիայի անունից առաջարկություններ ներկայացնել, որպեսզի 47, 4մլրդ դրամը դարձնեն գոնե, նվազագույնը՝ 50 մլրդ:

 

Հարցին միջամտեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն, ով իր խոսքում հետաքրքրվեց, թե որտեղի՞ց պետք է այդ գումարը գտնեն: Ի պատասխան՝ Գագիկ Մելիքյանը նշեց, թե ծախսերի նվազեցման առումով կրճատումներ են անելու: Ավելին՝ ՀՀԿ ֆրակցիայի քարտուղարը հիշեցրեց, որ ԼՂՀ իշխանությունների կողմից Թալիշի վերբանակեցման ֆոնդ է բացվել և ընդգծեց, որ պատգամավորները պետք է իրենց մասնակցությունն ունենան և գումար նվիրաբերեն այդ ֆոնդին: «Ես, Շարմազանովը և Բաղադասարյանը մեր մեկ ամսվա աշխատավարձը կտրամադրենք այդ ֆոնդին, քանի որ Թալիշն ապահովում է մեր զինվորի թիկունքը»,-ասաց պատգամավորը:

 

Նախարար Վարդան Արամյանն էլ հստակեցրեց, որ իրականում Ղարաբաղին տրվող գումարը փորձում են հատկացնել այնքան, որքանով կարողանում են՝ գոտիները ձգելով, որպեսզի հասցնեն: Նախարարը ընդգծեց, որ այդ միջոցները հայթայթվում են նաեւ այլ տեղերից: Նա հիշեցրեց, որ կառավարությունն այս տարի 3,3 մլրդով ավելացրել է Ղարաբաղին ուղղված վարկավորումը և ավելացրեց. «47,4 մենք պլանավորել ենք մեր բյուջեի միջոցների հաշվին, և հատկացումների հստակեցումից հետո ավելի պարզ կլինի, բայց հավանակնությունը բավական քիչ է»,-եզրափակեց նախարարը: