2017 թվականին Կառավարությունն ակնկալում է 3.2 տոկոս տնտեսական աճ: Ազգային ժողովում գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

 

Նախարարի խոսքով՝ գալիք տարվա բյուջեի հիմքում ընկած է 4 կարևոր սկզբունք: Առաջինն, ըստ նրա՝ այն է, որ հիմնվել են մակրոտնտեսական միջավայրի վրա: «Բյուջեի իրատեսության համար այս սկզբունքը շատ կարևոր է»,- ասաց նա:


2-րդ կարևոր սկզբունքը՝ միջնաժամկետ պարտքի կայունացումն է, ինչը նշանակում է ունենալ կանխատեսելի և կառավարվող պարտք՝ միջնաժամկետում:

 

«3-րդ սկզբունքը հարկային եկամուտների հավաքագրումն է: Եվ, որպեսզի մենք անհարկի բեռ չստեղծենք տնտեսվարողների համար, մի քանի անգամ նշել ենք, որ եթե իրականում դու ճիշտ չես գնահատում քո վարչարարական գործիքներն ու հարկային եկամուտներ ես կանխատեսում իրականությունից դուրս, ռիսկ ես ստեղծում, ինչն ազդում է տնտեսական պոտենցիալի վրա»,- մանրամասնեց նախարարը:

 

4-րդ սկզբունքը, նախարարի խոսքով, պետության կողմից արդեն իսկ ստանձնած և շարունակական բնույթ կրող ծախսերի ֆինանսավորումն է. «Մենք և՛ սոցիալական, և՛ մշակույթի պաշտպանության ոլորտում ունենք ստանձնած պարտավորություններ, անհրաժեշտ է, որ այս բոլոր պարտավորություններն առանց խնդիրների իրականացնենք»,- հավելեց Վ. Արամյանը: Նա շեշտեց նաև, որ 2017 թվականին բյուջեով ակնկալվում է 5.5 տոկոս արդյունաբերության աճ, 4 տոկոս գյուղատնտեսական աճ: Ուշագրավ է նաև այն, որ շինարարության մեջ սպասվում է անկում, սակայն ծառայությունների ոլորտում՝ 2.8 տոկոս աճի ցուցանիշ: «Նախատեսվում է 17 տոկոս արտահանման աճ, իսկ ներմուծումը կլինի 5.9 տոկոս»,- հայտարարեց նախարարը: