«Քաղաքականության մեջ լինելով հանդերձ՝ Հերմինե Նաղդալյանն ինքն է իր պաշտոնն ու դիրքը ծառայեցնում սեփական բիզնեսի ծաղկմանն ու ընդլայնմանը»,- ասաց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը` ի պատասխան ԼՈՒՐԵՐ.com-ի խնդրանքին` մեկնաբանելու ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի խոսքը, ով, շաբաթ օրը անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին, հայտարարել էր, որ նա պետք է հաշվի առնի քաղաքական գործչի ու գործարարի անհամատեղելիությունը:
«Գոնե Հերմինե Նաղդալյանի կողմից նման հայտարարություն լսելն առնվազն քան տարօրինակ էր, քանի որ բոլորին է հայտնի բիզնեսում նրա ծավալած ակտիվ գործունեությունը: Քաղաքականության մեջ լինելով հանդերձ՝ Հերմինե Նաղդալյանն ինքն է իր պաշտոնն ու դիրքը ծառայեցնում սեփական բիզնեսի ծաղկմանն ու ընդլայնմանը: Գաղտնիք չէ, թե ինչպես է նա իր լծակներն օգտագործում ճանապարհային շինարարության, բետոնապատման, ասֆալտապատման և այլ բնույթի տենդերներ շահելու և ստացված եկամուտներով ու տոկոսներով սեփական բիզնեսը ծաղկացնելու համար: Եվ այս համատեքստում գնահատական տալ Գագիկ Ծառուկյանի բիզնեսի և քաղաքականության համատեղելիությանը, կարծում եմ առնվազն բարոյական չէ: Եթե անհրաժեշտություն լինի այս թեմային ևս մեկ անգամ անդրադառնալու, ապա պատրաստ ենք նրա բիզնես գործունեության մասին տրամադրել արդեն առավել առարկայական փաստեր»,- նշեց Տոնոյանը: