«Հրապարակ»-ը գրում է.
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը անդամակցում է քաղաքագետ Խաչիկ Գալստյանի նախաձեռնած «Միասնություն» համազգային շարժմանը։ Թե ինչն է մղել նախկին նախարարին անդամակցելու նորաստեղծ շարժմանը, նա պարզաբանում է. «Մեզ հետաքրքրում է Հայաստանի առկա իրականությունը։ Մեզ հետաքրքրում է, որ մենք դեռ չունենք կայացած իրավական, սոցիալական պետություն։ Մեզ հուզում է, որ այսօր Հայաստանում սոցիալական քաղաքականությունը ստորադասվում է հարկային վարչարարությանը։ Մեզ հուզում է, որ Սահմանադրության համաձայն՝ մարդը համարվում է բարձրագույն արժեք, բայց իրականում այդպես չէ։ Այդ խնդիրների լուծման մեջ մեր լուման ունենալու նպատակով էլ նախաձեռնել ենք այդ շարժումը»։
-Իսկ ինչո՞վ եք վստահ, որ շարժումը կարող է լուծել Ձեր առաջ քաշած խնդիրները։
-Վստահ ենք, որ այդ նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի, որովհետեւ այստեղ հավաքված են մարդիկ, որոնք իրենց անցյալով այլ բան չեն ապացուցել, քան՝ ծառայել պետությանը, ժողովրդին։
-Հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը օրերս իր հրապարակային ելույթներից մեկում չբացառեց, որ կարող է բացել քաղաքականության մեջ իր ծալած էջը։ Հնարավո՞ր է, որ նորաստեղծ շարժումը համագործակցի Գագիկ Ծառուկյանի հետ։
-Գիտեք, համագործակցությունը քաղաքականության մեջ ոչ ոք երբեք չի կարող բացառել։ Ի սկզբանե, մենք ամեն ինչ նախաձեռնել ենք ինքնուրույն, իսկ հետագայում, եթե լինեն համագործակցության տարբերակներ, մենք չենք բացառում, մենք բաց ենք։ Մեր նպատակը ոչ թե ինքնանպատակ քաղաքականություն մուտք գործելը, խայտառակվել, դուրս գալն է, այլ առաջընթաց, դրական տեղաշարժ բերելը։ Բայց այս պահին համագործակցության մասին խոսելը ժամանակավրեպ է, որովհետեւ մենք դեռ նորաստեղծ ուժ ենք, դեռ պետք է կայանանք, հետո մտածենք համագործակցության մասին։
-Իսկ կա՞ 2017թ. ԱԺ ընտրություններին մասնակցելու ծրագիր։
-Մենք այս պահին կուսակցություն չենք ներկայացնում, սա վերկուսակցական շարժում է։ Շարժումը կարող է միավորել նաեւ այն անձանց, որոնք տարբեր կուսակցությունների անդամներ են, սակայն մեր համախոհներն են, պատարաստակամ են մեզ հետ ճանապարհ գնալու։ Մեր շարքերում էլ կան մեր գաղափարների համակիր կուսակցականներ։
-Հնարավո՞ր է, որ ԱԺ մուտք գործելու համար միավորվեք որեւէ ազդեցիկ քաղաքական ուժի հետ։
-Ոչինչ չի բացառվում։ Քաղաքականության մեջ երբեք պետք չէ ասել՝ երբեք։ Մենք դեռ կայանալու փուլում ենք, եւ լուրջ չէ որեւէ մեկին առաջարկություն ներկայացնելը։ Եթե որեւէ կուսակցություն կտեսնի, որ մենք կարող ուժ ենք, կցանկանա մեզ հետ համագործակցել, ապա՝ խնդրեմ։ Մենք ԱԺ-ում ներկայացվելու հայտ չենք ներկայացրել, որ ցանկացած ճանապարհով փորձենք այնտեղ հայտնվել։ Մենք ունենք գաղափարներ, ունենք շատ համախոհներ եւ գնում ենք առաջ։ Երկու ամսվա գործունեությունը ցույց է տալիս, որ մեզ մոտ այնքան մարդկային կապիտալ է գալիս, որ կարիք չկա որեւէ կուսակցության դուռը թակելու։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: