2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ երկրում շարունակում են ընթանալ բուռն գործըթացներ, որոնք, ըստ ամենայնի, կոչված են լինելու ո՛չ միայն լրջագույն վերաձևումների ենթարկելու դաշտն, այլև այն հնարավորինս հարմարեցնելու աշխարհաքաղաքական հզորագույն բևեռների քաղաքական շահերի սպասարկմանը:

 

Պարզվում է, որ, օրինակ՝ ԱՄՆ դեսպանատունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել քաղաքական դաշտի արևմտամետ ուժերի համընդհանուր կոնսոլիդացիային ու լրջագույնս պատրաստվում է առաջիկա ընտրություններին: Ընդ որում՝ կոնսոլիդացիան վերաբերում է ոչ միայն քաղաքական առանձին բևեռի՝ ասենք ընդդիմադիր, այլ՝ համընդհանուր՝ ընդգրելով թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտերը. անկախ այն բանից, թե լիբերալ գաղափարներ կրող այս կամ այն գործիչը որ թևում է՝ իշխանական, թե՝ ընդդիմադիր, արժանանում է դեսպանատան ուշադրությանն ու կոնսոլիդացվում:


Իհարկե, ասել, թե այս երևույթը բնորոշ է միայն ներկայիս նախընտրական շրջանին, սխալ կլիներ, քանի որ գաղտնիք չէ, որ 90-ականներից սկսած՝ Հայաստանն, ինչպես և մյուս բոլոր հետխորհրդային երկրները, շատ դեպքերում անկախ իրենց կամքից, վերածվեցին Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև կռվախնձորի, երբ մրցակից կողմերից յուրաքանչյուրը, բանեցնելով բոլոր թույլատրելի, իսկ երբեմն էլ՝ անթույլատրելի քաղաքական և այլ գործիքակազմեր, ամեն կերպ ջանում էր և հիմա էլ ջանում է սեփական վերահսկողության տակ պահել մեր պես երկների ներքաղաքական դաշտը:


Չնայած այս առումով Ռուսաստանը բավական առաջ է ԱՄՆ-ից՝ գոնե Հայստանի պարագայում, բայց պնդել, թե Արևմուտքը հանձնվել է կամ առանց կռիվ տալու սեփական դիրքերը զիջելու ցանկություն ունի, սխալ կլիներ. պայքարը նոր է սկսվում, ինչին էլ, ըստ էության, միտված է քաղաքական դաշտի խոշորացումը: Բանն այն է, որ խոշորացման այս գործընթացը բավական ձեռնտու է թե՛ Արևմուտքին, որի համար այն փայլուն հնարավորություն է՝ ցիրուցան եղած ու առանձին-առանձին հանդես եկող արևմտամետներին մի հարկի տակ ժողովելու, թե՛ ռուսներին, որոնք չեն ցանկանում մնալ ՀՀԿ-ի հույսին ու դեմ չեն լինի այլընտրանքային ռուսամետ ուժի հանդես գալուն: Մի խոսքով՝ ներկայում նկատվող խոշորացման պրոցեսը, կարելի է ասել, մեծամասամբ ուղղորդվում է արտաքին ուժերի կողմից, որոնց նպատակը, բնականաբար, ոչ թե հայաստանյան ներքաղաքական դաշտի վերջնական կայացումն է, ինչը միայն կուժեղացներ ու կամրապնդեր Հայաստանը ներսից, այլ՝ սեփական շոշափուկների տարածումը Հանրապետությունով մեկ՝ վերահսկողության տակ պահելու հասարակությանն ու նրա ներսում ընթացող պրոցեսները:


Այսքանից հետո, սակայն, մի շատ բնական հարց է առաջանում՝ ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից, կամ ինչպե՞ս կարող է Հայաստանի ժողովուրդը խուսափել արտաքին ուժերի կործանարար ազդեցությունից:

 

Ելքն, անկասկած, մեկն է. Հայաստանին հարկավոր է ոչ թե սրա-նրա շահերը սպասարկող քաղաքական ուժեր, որոնց հայացքն ուղղված կլինի կա՛մ արևմուտք, կա՛մ հյուսիս, այլ ազգայինը կենսակերպ դարձրած, կյանքի իմաստ հռչակած ու, ամենակարևորը, ժողովրդի ծոցից դուրս եկած ազգային ուժ՝ զերծ կեղտոտ առուծախերից, արգահատելի անցյալից, օտարների ազդեցությունից, սրիկայություններից: Այդ ուժի, որի կարիքը վաղուց է զգացվում մեզանում, առավելությունը մյուսների նկատմամբ կայանալու է նրանում, որ ուժն այդ արհեստածին չի լինելու, ինչ-որ մեկի աշխատասենյակում մշակված պլանի արգասիք չի հանդիսանալու, այլ ծնունդ է առնելու ներքևից ու դառնալու է այն միակ պլատֆորմը, որ հնարավորթյուն է տալու երկրում իրակնացնել իրական բարեփոխումներ՝ սպասարկելու ոչ թե օտարի, այլ հայի շահը՝ մի բան, որն այնքան հազվադեպ երևույթ է դարձել մեզանում...

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ