Չի բացառվում, որ «Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցի: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Կոնկրետ որոշումներ` մասնակցության հետ կապված, առայժմ չունենք, սակայն նախնական տվյալներով՝ այո՛, մասնակցելու ենք: Չի բացառվում, որ դաշինքով մասնակցենք, ընթացքը ցույց կտա»,- ասաց նա:
Թե ո՞ր ուժերի հետ է «Ժառանգություն» կուսակցությունն իր հետագա համագործակցությունը տեսնում՝ Ա. Մարտիրոսյանը պատասխանեց՝ «Այն ուժերի, որոնք կիսում են մեր մոտեցումներն ու գաղափարները, այն ուժերի, որոնք կողմ են Հայաստանի ինքնիշխանությանն ու արմատական բարեփոխումներին»:
Ա. Մարտիրոսյանն ընդգծեց սակայն, որ եթե «Ժառանգություն»-ը ընտրություններին մասնակցի միայնակ, խորհրդարանում հայտնվելու շանսը միանշանակ կնվազի, բայց դաշինքով՝ այն ավելի կմեծանա: Նախկին պատգամավորը դժվարանում է ասել, թե քանի մանդատ կհաջողվի այս անգամ ունենալ, բայց վստահ է, որ ամեն ինչ անելու են, որ նորից խորհրդարանի կազմում ընդգրկվեն:
«Մասնակցելն ու խորհրդարանում հայտնվելը մեզ համար չի լինելու ինքնանպատակ: Մեր հիմնական նպատակը երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելն է: Իսկ մենք միշտ էլ պայքարել ենք մեր նպատակների համար, ինչը, միայնակ, ակնհայտ է, որ այս անգամ հնարավոր չէ: Մեզ պետք է միասնական պայքար, իսկ, թե կնոկրետ որ ուժի հետ՝ ժամանակը ցույց կտա»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանն առայժմ փակագծերը չի բացում, բայց գտնում է, որ այդպիսի ուժեր կան ու անպայման կգտնվեն: Ինչ վերաբերում է «Ժառանգության» պասիվությանն, ապա կուսակցության փոխնախագահը չի կիսում այդ տեսակետը և համոզված է, որ կուսակցությունն այսօր էլ իր քաղաքական ու հասարակական գործունեությունը շարունակում է նույն եռանդով ու նույն ջանասիրությամբ, սակայն, չգիտես ինչու, դա չի երևում: ««Ժառանգություն»-ը բացարձակ չի պասիվացել: Մենք միշտ էլ տարբեր միջոցառումների մասնակցում ենք: Բայց, քանի որ լրատվական դաշտն ամբողջովին մեզ համար փակ է, ուստի՝ մեր աշխատանքն այնքան էլ տեսանելի չէ: Կան միայն մի քանի կայքեր, որոնք լուսաբանում են այդ միջոցառումները»,- ասաց նա:
Նա չբացառեց նաև, որ առաջիկայում սպասվելիք համագումարում, որը, հավանաբար, տեղի կունենա կամ տարեվերջին, կամ հաջորդ տարվա սկզբին, կուսակցության վարչության կազմում փոփոխություններ լինեն: Մեր ճշտող հարցին՝ հնարավո՞ր է՝ կուսակցության հիմնադիր և ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին փոխարինի մեկ ուրիշ լիդեր, Ա. Մարտիրոսյանը հակադարձեց. «Վարչության կազմում միշտ էլ փոփոխություններ լինում են, այդ թվում՝ վարչության կազմում: Չի բացառվում, որ բոլորովին նոր դեմքեր լինեն այս անգամ, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը կա և կլինի «Ժառանգության» առանցքային դեմքն ու լիդերը՝ միշտ»,- եզրափակեց նա:
Արմինե Եփրեմյան