Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրումից հրաժարվել է Ադրբեջանը: Զախարովան նշել է, որ այդ գաղափարի հեղինակը ռուսական կողմն է: «Դեռևս 2011 թվականին Սոչիում եռակողմ հանդիպմանը ռուսական կողմը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության նախաձեռնությամբ: Որպես դրա զարգացում' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ պատրաստել են համապատասխան մեխանիզմի նախագիծը: Այնուհետև այն մշակվել է նաև ԵԱՀԿ փորձագետների կողմից»,- այդ մասին Զախարովան նշել է իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով' Վիեննայի գագաթնաժողովում համաձայնություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում ավարտել այդ աշխատանքը, սակայն հունիսին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները Սանկտ Պետերբուգի հանդիպմանը այդ հարցի շուրջ կոնսեսնուս ձեռք չի բերվել: «Ադրբեջանական կողմը պնդել է, որ զինված միջադեպերի հետաքննության որևէ անհրաժեշտություն չկա, քանի որ այդ պահին հակամարտության գոտում իրավիճակը մնում էր կայուն: Արդյունքում, մեխանիզմների թեման չի արտացոլվել այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ: Միաժամանակ, մեր կարծիքով, մեխանիզմի հարցը մնում է ակտուալ»,- ընդգծեց Մարիա Զախարովան: