ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային հանդիպում է ունեցել քրեական հետախուզության գլխավոր վարչության անձնակազմի հետ և ներկայացրել գլխավոր վարչության նորանշակ պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանին ու պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կարևորելով քրեական հետախուզության գլխավոր վարչության գործունեության ուղղություններն ու իրականացվող խնդիրները՝ Վլադիմիր Գասպարյանն անձնակազմին շնորհակալություն է հայտնել ծառայության և հատկապես արտակարգ իրավիճակներում դրսևորած մարդկային ու մասնագիտական բարձր որակների համար:

Անդրադառնալով գլխավոր վարչության ղեկավարության առաջնահերթ խնդիրներին՝ ոստիկանության պետը կարևորել է հատկապես անձնակազմի պատրաստականության և պրոֆեսիոնալ հատկությունների կատարելագործման ուղղությունները:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: