Սիրիայում հայկական դպրոցները ժամանակավորապես չեն գործի՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Արևելք» թերթի լրագրող Հովիկ Պողոս Շեհիրյանը, ով հավելեց սակայն, որ առհասարակ՝ Սիրիայում, հայկական դպրոցները փակման վտանգի առջև են կանգնած:
«Այս պահին հայկական դպրոցները չեն գործում, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում: Սիրիայում այսօր էլ իրավիճակը շարունակում է լարված մնալ, հետևաբար, որոշում է ընդունվել դրանք միառժամանակ փակել: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք դրանք կանգնած չե՞ն փակվելու վտանգի առաջ, ապա, այո՛, պետք է ասեմ, որ նման վտանգ կա, որովհետև մեծ թվով հայեր՝ լքել են Սիրիայում իրենց տները: Ու թեև տեղի հայերն անում են ամեն ինչ, որպեսզի դրանք ընդհանրապես չփակվեն, բայց հայկական դպրոցներ՝ երեխաների հաճախելիությունը նվազել է»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ հայերն ուզում են վերադառնալ Հայաստան, սակայն այսօր նրանց մեծ մասը չունի համապատասխան միջոցներ, որպեսզի վերադառնա հայրենիք:
«Այսօր էլ Սիրիայի մի շարք համայնքներում շարունակում են մեծ թվով հայեր ապրել, բայց եթե լարվածությունը շարունակվի այսպես մնալ, մարդիկ ստիպված կլինեն լքել այդ տարածքները: Առանց այդ էլ՝ պատերազմական գործողությունների հետևանքով մեծ թվով սիրիահայեր տեղափոխվել են այլ երկրներ, միայն մի մասն է եկել Հայաստան: Տեղահայերից շատերն ուզում են Հայաստան գալ, սակայն չունեն համապատասխան միջոցներ: Եթե նրանք գոնե ստանան համապատասխան օգնություն և տեղափոխվեն հայրենիք, կշարունակեն հայ մնալ»,- մեզ հետ զրույցում ասաց լրագրողը:
Ի դեպ՝ նա նշեց նաև, որ մեծ թվով սիրիահայեր տեղափոխվել են Լիբանան, որտեղից ևս մտադիր են տեղափոխվել այլ երկրներ, բայց եթե նրանց համապատասխան աջակցություն ցուցաբերվի, ապա նրանք կտեղափոխվեն Հայաստան: «Մարդիկ պարզապես աջակցության կարիք ունեն, իսկ եթե այսպես շարունակվի՝ հայկական գաղութը կվերանա»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ Սիրիայում հայկական դպրոցները փակվել են:
Արմինե Եփրեմյան