Երբ ՀԱՊԿ գագաթնաժողովը հոկտեմբեր ամսին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում, ռոտացիոն սկզբունքով, չընտրեց Հայաստանի ներկայացուցչին, հնչեց պաշտոնական պարզաբանում, թե կոնսենսուսային համաձայնություն ենթադրող այդ որոշումը չի ընդունվել՝ Ղազախստանի նախագահի բացակայության հետևանքով։ Ավելի ռացիոնալ մտածողություն ունեցող գործիչներն ու փորձագետները նույնիսկ ուրախացան։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կազմակերպությունում գրեթե ոչինչ չի որոշում, և, թերևս, նպատակահարմար չէր Հայաստանի ներկայացուցչի ընտրությունն այն պարագայում, երբ Ռուսաստանը փորձում է «սառը պատերազմի» տրամաբանությամբ, ՀԱՊԿ-ը հակադրել ՆԱՏՕ-ին։

 

Բայց նախօրեին պարզվեց, որ Երևանում, այնուամենայնիվ, քննարկվել է Հայաստանի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրելու հարցը։ Երևանի թեկնածուի հարցում, սակայն, կոնսենսուս չի կայացել և հարցը հետաձգվել է՝ մինչև դեկտեմբեր։ Այս բացահայտումն արել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ ասելով. «Չեղավ կոնսենսուսային համաձայնություն մեր թեկնածուի շուրջ, դրա համար դա հետաձգվեց: Դեկտեմբերին լինելու է հատուկ ՀԱՊԿ-ի նիստ, որտեղ քննարկվելու է այդ հարցը: Մենք մեր թեկնածության վրա պնդելու ենք և մենք գտնում ենք, որ ռոտացիան պետք է լինի ըստ ռուսական այբուբենի, և հաջորդը Հայաստանն է»։

 

Այստեղ առաջանում են մի քանի՝ ոչ անկարևոր հարցեր։ Ինչո՞ւ Հայաստանը նախապատրաստական դիվանագիտական աշխատանքներ չի տարել մյուս պետությունների հետ՝ իր թեկնածուի ընտրությունն ապահովելու նպատակով։ Արդյո՞ք Սերժ Սարգսյանը կամ մեր ԱԳՆ-ը համարել են, որ բավարար է ունենալ միայն Ռուսաստանի «դաբրոն»։ Գուցե Հայաստանի թեկնածուն միայն նոմինա՞լ է եղել մերն, ու մյուս պետություններն իրականում հակադրվել են Ռուսաստանին՝ համարելով, որ Մոսկվան փորձում է գլխավոր քարտուղար դարձնել իր մարդուն՝ Երևանի միջոցով։ Ըստ բավականին հավաստի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանն առաջադրել է գեներալ Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունն, ով նախկինում զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը, բայց ավելի շատ նույնանում է Ռուսաստանի ռազմաքաղաքական շրջանակների հետ։ Այսինքն, ըստ էության, գործ ունենք երրորդ վարկածի հետ։ Սակայն սա օրակարգից չի հանում մյուս հարցերը, և, եթե Նուրսուլթան Նազարբաևն Երևանում չի եղել, ապա Հայաստանի թեկնածուին դեմ է եղել առնվազն մեկ երկիր ևս։ Մյուս կողմից՝ եթե Հայաստանը չունենար Ռուսաստանի «դաբրոն», չէր մտադրվի դեկտեմբերին դարձյալ պնդել իր թեկնածուի ընտրության վրա։ Եթե այդպես չէ, պետք է տուրք տանք մեր երևակայությանն ու աներևակայելի մի վարկած առաջ քաշենք, թե իբր հենց Ռուսաստանն է դեմ եղել Հայաստանի թեկնածուին ու հիմա՝ Երևանը «պատերազմ» է հայտարարում հենց Մոսկվային։ Սակայն սա ռեալ պոլիտիկայի տիրույթից չէ ու մի կողմ դնենք այս վարկածը՝ բացասման սկզբունքով։

 

Ուզում եմ կատարել սկզբունքային մեկ այլ հարցադրում։ Ապրիլյան պատերազմը վերջնականապես բացահայտեց, որ ՀԱՊԿ-ը՝ Հայաստանի համար, մեղմ ասած, անվտանգության վստահելի համակարգ չէ։ Սրա մասին, իհարկե՝ լղոզված ձևակերպումներով, երեկ խոսել է նաև Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում։ Եթե Հայաստանն իրապես անկախ երկիր լիներ և արդյունավետ դիվանագիտություն ունենար, ապա օրակարգային կդարձներ ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ ոչինչ չասող պաշտոնում իր մարդուն տեսնելը, այլ՝ ՀԱՊԿ-ն լքելը։ Համոզված եմ՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունն ավելի արդյունավետ կլիներ, եթե շրջանցվեր ՀԱՊԿ-ի արհեստական հարթակը։ Սակայն մեր արտաքին քաղաքականությունը, մեղմ ասած, ինքնուրույն չէ, և մենք ՀԱՊԿ-ում ենք Ռուսաստանի «խաթր»՝ «գլխաքանակ» ապահովելու, մյուսների դեմ՝ որպես մահակ օգտագործվելու, ըստ անհրաժեշտության՝ ՀԱՊԿ-ին «պատերազմ» հայտարարելու համար։

 

Սարգիս Հակոբյան